Միջանցքի արգելափակման գործողության արդյունքում աշխարհն ավելի շատ լսեց Արցախ տեղանունը, քան երբևէ


12:56 , 24 հունվար, 2023
Ադրբեջանի նախաձեռնած Քաշաթաղի միջանցքի արգելափակման գործողության արդյունքում աշխարհն ավելի շատ լսեց Արցախ տեղանունը, քան երբևէ։ Սա շատ կարևոր իրողություն է Արցախի սուբյեկտայնության բարձրացման տեսանկյունից և պետք է առանձնահատուկ ուղեգծի վերածվի հայկական կողմերի համար Արցախի թեման միջազգային հարթակներում բարձրաձայնելիս և ոչ միայն։
Հայկական պատմական տարածքի, նրա բնիկ հայ բնակչության արդարացի պայքարի առաջմղման հարցում թշնամական ծրագրերը կոտրելու գործում կարևոր զենք է նաև հայկական ինքնության լիարժեք ամբողջացումը։ Որպես օրինակ՝ առնվազն տրամաբանական առումով ոչ միանշանակ է ընկալվում «Լեռնային Ղարաբաղի(ասել է, թե՝ թյուրքական անվանումով տարածքի) հայ ժողովրդի ինքնորոշման իրավունք» և հարակից այլ ձևակերպումները։ Մեր նարատիվներում պետք է քայլ առ քայլ, բայց հնարավորինս ազատվենք թյուրքական ձևակերպումներից։