Կաթնամթերքի գները կարող են բարձրանալ


11:28 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հուլիսի դրությամբ սննդամթերքի գները վերջին երեք տարվա կտրվածքով աճել են 18.5 տոկոսով: Միայն մեկ տարում՝ հունվար-հուլիսին՝ 2012թ.-ի նույն ժամանակի համեմատ, միրգը թանկացել է 14.5%- ով, ձուն՝ 12.3%- ով, հացամթերքը՝ 10.4%-ով, կենդանական ու բուսական յուղը՝ 9.1%-ով, իսկ կաթնամթերքը` 3.5%-ով: 

Անդրադառնանք կաթնամթերքի թանկացմանը: Ուսումնասիրելով պաշտոնական տվյալները նկատում ենք, որ մեր երկրում կաթնամթերքի գներն ավելի դանդաղ են բարձարանում, քան արտադրության գործոնների գները: 

Այսպես, մթերվող կաթի գինը վերջին երեք տարում բարձրացել է 36.5%-ով, իսկ չոր կաթի և խտացրած կաթի ներմուծման գները բարձրացել են մոտ 48%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալով 2010թ.-ի համեմատ՝ հուլիսին կարագը թանկացել է 38.1%-ով, իսկ բենզինն ու դիզվառելիքը՝ համապատասխանաբար 28.5% և 37.4%-ով:

Այսինքն՝ կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները վերջին տարիներին թանկացել են 28.5-ից 48 տոկոսով, ինչը հանգեցնում է կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացման: 

Ակնհայտ է, որ մայիսին կաթնամթերքի գների 5-10 տոկոս թանկացումը կարող էր միայն մասնակիորեն փոխհատուցել վերջին երեք տարիների բոլոր նշված բաղադրիչների գների բարձրացումն ու կրած վնասները, սակայն այդ թանկացումից հետո հուլիսից բարձրացան նաև հումքի և էներգակիրների գները:

Եվ այսպես, ի՞նչ զարգացումներ են սպասվում կաթնամթերքի շուկայում այս աշնանը: Դա պարզելու համար վերլուծենք նույն գործոնների խմբերը:

Նախ, Հայաստանում այս տարի ամռան ամիսներին չեն իջել կաթի մթերման գները: Սովորաբար, սեզոնայնությամբ պայմանավորված, ամռանը կաթի մթերման գինը՝ ձմռան համեմատ իջնում է: Այս տարի ձեռնարկությունների մեծ մասում կաթի մթերման գործարանային գները մինչև մարտ ամիսը կազմել են 160 դրամ, մարտ-մայիս ամիսներին՝ 170 դրամ, հունիսին՝ 160 դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 120-130 դրամի դիմաց: Օգոստոսից կաթի գինը կրկին բարձրացել է մինչև 170 դրամ: Եթե սեզոնայնության գործոնը աշխատի, ապա աշնանը և ձմռանը կաթի մթերման գինը կարող է գերազանցել 200 դրամը, իսկ կաթնարտադրության ոլորտում թողարկվող արտադրանքի ինքնարժեքի ծանրակշիռ մասը կազմում է հենց կաթը: 

Բացի դրանից, միայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում չոր կաթի և խտացրած կաթի ներմուծման գները անցած տարվա համեմատ բարձրացել են ևս 25,1%-ով, իսկ կարագի գինը միջազգային շուկայում վերջին ամիսներին բարձրացել է 20%-ով: Սրանք նույնպես կաթնամթերքի արտադրության հիմնական բաղադրիչներից են:

Եվ վերջապես, այս ամենին գումարվում է նաև հուլիսից գազի՝ 18%-ով և էլեկտրաէներգիայի` 26,7%-ով թանկացումը:

Եթե այս երեք խումբ գործոններն էլ աշխատեն, ապա հնարավոր է կանթնամթերքի թանկացման ևս մեկ փուլ, այն ժամանակ, երբ կբարձրանա կաթի մթերման գինը, այսինքն՝ աշնանը: Մթերվող կաթի գնի աշնան ու ձմռան ամիսներին սպասվելիք բարձրացումը, կարագի, գազի, էլեկտրաէներգիայի և մնացած բաղադրիչների գնաճը հաշվի առնելով՝ կաթնամթերքի հնարավոր աշնանային գնաճը կարող է նույնիսկ հասնել 30-40%-ի: