Լավրովն արդարացրեց Բաքվին


16:39 , 18 հունվար, 2023

Լավրովն արդարացրեց Բաքվին

Հիշեցնելով, որ երեկ հեռախոսազույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում խոսվել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը միաժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել, որ Լաչինի միջանցքով հայկական կողմն ականներ է տեղափոխել, որոնք օգտագործվել են ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքների ականապատման համար, ինչը եռակողմ պայմանավորվածությունների խախտում է: «Խաղաղապահ կոնտինգենտը, որը ՌԴ-ն ուղարկել է այնտեղ եռակողմ համաձայնագրի համաձայն, տիրապետում է լիազորությունների՝ վերահսկելու այդ շարժը, և կոնտինգենտն ունի բոլոր հնարավորությունները՝ ստուգելու յուրաքանչյուր տրանսպորտային միջոց, որպեսզի չլինեն ոչ քաղաքացիական ու ոչ հումանիտար ապրանքներ։ Հենց երեկ կամ երեկ չէ առաջին օրը հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության մասնակցությամբ։ Կարծում եմ՝ խնդիրը առաջիկայում լուծվելու է»,-մասնավորապես՝ ասել է Լավրովը:

Լավրովը փաստացի արդարացրել է Բաքվի անմարդկային քայլը՝ հավաստի հռչակելով ադրբեջանական պրոպագանդիստական մեքենայի այն թեզը, թե իբր Լաչինի միջանցքը հայկական կողմը ծառայեցնում է ռազմական նպատակներով՝ շեղվելով եռակողմ հայտարարության դրույթներից: Մյուս կողմից՝ հատկանշական է, որ Լավրովը ոչինչ չի ասել միջանցքում Ադրբեջանի կողմից հնարավոր տեղադրվելիք անցակետի կամ գուցե ինչ-որ այլ տեսակի վերահսկողություն սահմանելու մասին՝շեշտելով այդ հարցում ռուս խաղաղապահների բացառիկ լիազորությունների փաստը:

Կա տեսակետ, որ եթե Լաչինի միջանցքը բացվի էլ, ապա դա տեղի է ունենալու նոր պայմաններով, ու նախկին ռեժիմին վերադարձ չի լինելու.Ադրբեջանը երբեք թույլ չի տալ միջանցքի նորմալ վերագործարկում, եթե այնտեղ չունենա վերասհկողություն: Արդյոք Լավրովի հայտարարությունը խոսում է այս տեսակետի սնանկությա՞ն մասին, թե՞ ուղղակի ՌԴ արտգոծնախարարը ձեռնպահ է մնացել խնդրի շուրջ երկար-բարակ ծավալվելուց՝ մնացած հարցերը թողնելով ասենք Բաքվի ֆանտազիային: