Նիկոլը երբեք, որևիցե պարագայում չի կարող հայանպաստ քայլ անել կամ ասենք ինչ-որ կերպ մարտահրավեր նետել Իլհամին


16:26 , 14 հունվար, 2023

Մոսկվան հույսը չի կորցնում

Բաքվում կայացել է կոնֆերանս՝ նվիրված ԵԱՏՄ-ին այդ երկրի ինտեգրման հեռանկարներին: Ինչպես հաղրոդվում է, մասնակիցները համակարծիք են եղել, որ պահը հասունացել է՝ նոր մակարդակի բարձրացնելու ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցությունը, նոր որակ հաղորդելու երկկողմ կապերին: Ընդ որում՝ միջոցառման կազմակեպիչների թվում են եղել նաև Բաքվում ՌԴ դեսպանատունը, ՌԴ տնտեսական ներկայացուցչությունը, Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը, Ղազախստանի դեսպանության առաջին քարտուղարն է ներկա եղել և այլն: Հնչել են հավաստիացումներ, որ ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանը պատրաստ է նոր մակարդակի հասցնել իր հարաբերությունները:

Այն, որ Մոսկվան երազում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին իր շուրջը կոնսոլիդացնելու և նրանց վրա Արևմուտքի ազդեցությունը չեզոքացնելու մասին, հայտնի բան է: Այս իմաստով Ադրբեջանը Մոսկվայի համար առանձնահատուկ նշանակություն ունի, ինչը պայմանավորված է Հյուսիսի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական լրջագույն շահերով, և այդ մասին, իհարկե, Բաքվում շատ լավ տեղյակ են: Ավելին՝ ըստ որոշ գնահատակնների 44-օրյա պատերազմի ընթացքում ՌԴ-ից ստացված ոչ բավարար օժանդակությունն ու կրավորական կեցվածքը՝ Հայաստանի նկատմամբ պայմանավորված է հենց Մոսկվայի ցանկությամբ՝ չխրտնեցնելու Ադրբեջանին՝ այդ երկրի՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելու հեռանկարով:

Իհարկե, խիստ հարցական է մնում Ադրբեջանի անկեղծությունը՝ իսկապես ինտեգրվելու «ռուսական աշխարհին», քանի որ Բաքվի վրա երկրաչափական պրոգրեսիայով աճում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի ազդեցությունը, բայց այն, որ Մոսկվան հույսը չի կորցնում, փաստ է:

Մյուս կողմից՝ կա խնդիր՝ Հայաստանի վետոյի իրավունքի հարցը: Խնդիրն այն է, որ նույն ԵԱՏՄ-ին որևիցե նոր երկրի անդամակցության համար անհրաժեշտ է անդամ երկրների կոնսենսուս, ընդ որում՝ այդ երկրներից ամեն մեկն ունի վետոյի իրավունք,և դիցուք,եթե Հայաստանը շատ ցանկանա,ապա կարող է վիժեցնել Բաքվի ինտեգրացիան ԵԱՏՄ-ին: Ավելին՝ նույն այդ վետոյի իրավունքը Երևանի ձեռքին կարող է շատ լավ գործիք դառնալ՝ Ադրբեջանից զիջումներ կորզելու համար, ինչից հետո միայն հարցը կարելի կլինի փակված համարել:

Խնդիրն այն է, սակայն, որ Նիկոլը երբեք, որևիցե պարագայում չի կարող հայանպաստ քայլ անել կամ ասենք ինչ-որ կերպ մարտահրավեր նետել Իլհամին, եթե, իհարկե, վերջինս իսկապես որոշի խոսքերից գործի անցնել ու անդամակցել ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին: Նիկոլը երբեք Հայաստանի վետոյի իրավունքը թանկով չի ծախի Բաքվի վրա, այն չի ծառայեցնի Հայաստանի ազգային շահեին, քանզի ինքն իրեն թուրք համարող հայը երբեք օգուտ չի բերել հայրենիքին:

Իրականում Ադրբեջանի անդամակցության հեռանկարը ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին խիստ մշուշոտ է մնում, քանզի նախ՝ Բաքուն Մոսկվայից չունի շատ մեծ կախվածություն և որևիցե խնդրում, դեռ ընդհակառակը, ապա՝ Իլհամը դիվանագիտական կրթություն ստացած մարդ է և շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի սուվերենության բարձրացման տեսանկյունից ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամացելը կարող է վիճելի լինել: Այնպես որ՝ պարզ չէ, թե ինչպես է Մոսկվան Բաքվին ստիպելու՝ Թուրք-անգլիական ազդեցության գոտուց երկիրը տեղափոխել հակառակ բևեռի ազդեցության տակ, եթե հատկապես հաշվի ենք առնում, որ դե ֆակտո Ռուսաստանը թուլանում է, իսկ Թուրքիան՝ հզորանում: