Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են խնդիրները լուծել բարձր մակարդակով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը. Զախարովա


14:41 , 12 հունվար, 2023

Խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակի տրամադրման ռուսական առաջարկն ուժի մեջ է։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ 

«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով, եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով (անհիմն դատողություններ անել-խմբ.) զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսվում էր անցկացնել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, որին մասնակցելու համաձայնությունը տվել էին երկու երկրների առաջնորդները։ «Դրա անցկացման համար ամեն ինչ պատրաստվել էր։ Բայց հենց հայկական ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ժամանումը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հրատապ հարցերը, ներառյալ` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթը՝ Ռուսաստանի առաջարկների շրջանակներում։ Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Զախարովան ասել է, որ «դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ միևնույն հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարություններն էականորեն տարբերվում են»։ «Հիշատակված մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկների հիման վրա փաստաթղթի ստորագրման մտադրության, և՛ միաժամանակ հակամարտության ինչ-որ «համալիր լուծման» նախապատվության մասին, որն առաջ է մղում Արևմուտքը»,- հիշեցրել է նա։

Զախարովան նշել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը՝ հենվել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ «Ալմաթիի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երեւանի միջև խաղաղության գործընթացում»,- եզրափակել է Զախարովան։