Գեներալ Լապինը, որին Կադիրովն անվանել էր «ապաշնորհ», նշանակվել է ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի ԳՇ պետ. լրատվամիջոցներ


14:56 , 10 հունվար, 2023
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը նշանակվել է Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ։ Այս մասին РБК-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։ Ավելի վաղ Ura.ru հրատարակությունն էր հայտնել Լապինի նշանակման մասին։

Ինչպես նշում է meduza.io-ն, 2017 թվականից Լապինը ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ռազմական օկրուգը: Մինչև 2022 թվականի հոկտեմբերի վերջը նա նաև եղել է Լուգանսկի շրջանը գրաված ռուսական զորքերի Կենտրոնական խմբի հրամանատարը։ 

Աշնանը Լապինին սկսել է ակտիվորեն քննադատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մասնավորապես, նա գեներալին մեղադրել է Լիման քաղաքը հանձնելու, ռազմաճակատի հատվածներից մեկում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ճեղքումը թույլ տալու համար, ինչպես  նաև նրան անվանել է «ապաշնորհ»։

Կադիրովի դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։