01:13 , 4 սեպտեմբեր, 2013
Hetq.am-ը գրում է.
Երեկ Փակ շուկայի դիմաց պատասխան բողոքի ակցիա իրականացնող Սամվել Ալեքսանյանին աջակցող կանանցից մեկը վիրավորել եւ սպառնացել էր «Ազատության» լրագրող Նանե Սահակյանին, ով այդ ամենը նկարահանել է: Համացանցը ողողված է ռադիոկայանի հրապարակած այդտեսանյութով: Սակայն պարզվում է՝ ոստիկանությունը խնդրով չի զբաղվում:
«Ոստիկանությունը դիմում-բողոք չի ստացել»,- «Հետքի» հետ զրույցում պարզաբանում է ոստիկանության լրատվության վարչության աշխատակիցը:
Լրագրող Նանե Սահակյանը պատմում է, որ կատարվածի մասին տեղում հայտնել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ցույց տվել իր տեսանկարահանած կադրերը, իսկ վերջինս մոտեցել է տվյալ կնոջը եւ ասել. «Քաղաքացին նշում է, որ Դուք սպառնացել եք նրան: Խնդրում եմ մի հնչեցերք սպառնալիքներ»։
Լրատվամիջոցներն արդեն պարզել են, որ կինը, ով սպառնում է «Ազատության» թղթակցի «կոկորդը քերել», Կարինե Սարգսյանն է՝ Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի աշխատակից:
Մայրաքաղաքի փոխոստիկանապետը լրագրողին միաժամանակ տեղեկացրել է, որ եթե բողոքի, Կարինե Սարգսյանին կհրավիրեն ոստիկանություն: «Բայց Դուք էլ պետք է գաք բաժին»,- «Ազատության» աշխատակցին ասել է Վ. Օսիպյանը:
«Ես, բնականաբար, ոստիկանություն գնալու ժամանակ չունեի: Չբողոքեցի, որպեսզի ստիպված չլինեմ գնալ, եւ այդ կնոջը բաժին չհրավիրեցին,- պատմում է Նանե Սահակյանը: - Ինձ այդ պահին միայն մեկ բան էր հետաքրքրում՝ կարո՞ղ եմ մնալ Փակ շուկայի տարածքում եւ շարունակել աշխատել: Օսիպյանը ոստիկանության անունից երաշխավորեց, որ անվտանգությունս իրենք կապահովեն»:
Լրագրողը կատարվածը գնահատում է նաեւ իր մասնագիտական գործունեության խոչընդոտում. «Որովհետեւ ես այդ կնոջ (Կարինե Սարգսյան) հետ հարցազրույց չէի անում, զրուցում էի կողքիս կնոջ հետ, իսկ նա սկսեց ինձ վիրավորել եւ սպառնալ»: Ամեն դեպքում, Նանե Սահակյանը ոստիկանությունում բողոք ներկայացնել չի պատրաստվում՝ «ժամանակն ու նյարդերը խնայելու համար»:
Իսկ արդյոք հրապարակված տեսանյութը բավարար չէ՞ նյութեր նախապատրաստելու համար: Հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչությունը նորից տալիս է նույն պատասխանը. «Ոչ ոք չի դիմել, դիմում-բողոք չենք ստացել»:
Իհարկե, ոստիկանությունը կարող է պատճառաբանել, որ կատարվածը մասնավոր գանգատի ինստիտուտի ենթակայության հարց է, հետեւաբար դիմողի բողոքն անհրաժեշտ է: Բայց այս հարցը պետք է պարզեն նյութերը նախապատրաստելիս, դրանք քննարկելիս: Այլ կերպ նման գնահատական չի կարող տրվել: Այս կարծիքին է փաստաբան Տիգրան Եգորյանը:
«Ցանկացած դեպքում, պետք է նյութեր նախապատրաստվեին, քանի որ առաջին հայացքից առեւրեւույթ հանցագործությունն առկա է: Իսկ եթե գործողություններ չեն ձեռնարկվում, դա արդեն անգործություն է»,- ասում է Տիգրան Եգորյանը՝ շեշտելով, որ սպառնալիքը, որը պայմանավորված է ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ավելի ծանր հանցանք է եւ ավելի խիստ պատիժ է ենթադրում:
Արարատ Դավթյան