Ո՞ւմ է ուղղված Թեհրանի նախազգուշացումը


18:26 , 9 հունվար, 2023

Ո՞ւմ է ուղղված Թեհրանի նախազգուշացումը

ՌԴ Պետդումայի նախկին փոխխոսնակ Սերգեյ Բաբուրինի հետ հանդիպմանը ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, վկայակոչել է ԻԻՀ գերագույն առաջնորդ Խամենեիի՝ ավելի վաղ հնչեցրած այն դիրքորշումը, որ, Իրանը չի ընդունի գոյություն ունեցող սահմանների ոչ մի փոփոխություն՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցը:

Ոչ վաղ անցյալում, ինչպես հայտնի է, Թեհրանում կայացած ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանը բարձրագույն մակարդակով հայտարարել էր, որ Կովկասում սահմանների որևիցե փոփոխություն չի հանդուրժի: Ընդ որում՝ Խամենեին իր ուղերձը հղել էր հենց Պուտինին՝ հենց նրան, ըստ էության, դիտարկելով՝ տարածաշրջանային կայունության պահպանման գլխավոր երաշխավոր: Հիմա, փաստորեն, Բաբուրինի հետ հանդիպմանը Թեհրանը էլի կրկնում է իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը՝ ակնարկելով, որ «Զանգեզուրի միջանցք» հորջորջվող վտանգավոր պրոյեկտի վերաբերյալ իր դիրքորշումը չի փոփոխվել:

Տվյալ պարագայում հատկանշականը, սակայն, ոչ այքնան Իրանի ուղերձի բովանդակությունն է, որը, ըստ էության, նորություն չէ, այլ՝ այն, թե ում է այն իրականում ուղղվում: Գուցե այս անգամ հասցեատերը ոչ այնքան Թուրքիան է, որքան՝ թերևս Մոսկվա՞ն: Ի՞նչն է մտահոգել Թեհրանին Մոսկվայի կեցվածքում, եթե նկատի ունենանք,որ արտատարածքային միջանցքի մասին Մոսկվայից ասենք նույն Զախարովայի վերջին հայտարարությունիկց պարզ է դառնում, որ ՌԴ-ն նույնպես դեմ է միջանցքի էքստերիտորյալ կարգավիճակին: Արդյոք Իրանը ունի՞ մտավախություն, որ ինչ-որ պահի Կրեմլը կարող է Թուրքիայի հետ պայմանավորվել միջանցքի հարցում՝ նկատի ունենալով ՌԴ թույլ դիրքերն ու Թուրքիայի կշռի մեծացումը նույն Մոսկվայի համար, թե՞ սա ուղղակի ևս մեկ առիթ էր՝ վերահաստատելու Իրանի դիրքորշումը, որի նախագահը, ի դեպ, կարծես թե այց է ծրագրում դեմի Թուրքիա, ուր, բնականաբար, էրդողանը փորձելու է Իրանից զիջումներ կորզել:

Բոլոր դեպքերում տարածաշրջանի կայունության երաշխավորի իր դերը Մոսկվան աստիճանաբար սկսում է թերակատարել՝ պայմանավորված նախևառաջ պակասող ռեսուրսներով, ինչը հետևանք է ուկրաինական ճակատում առկա շատ բարդ իրավիճակի: Թեհրանը պատրաստ է իրենով լրացնել վակուումը,ինչի համար անհրաժեշտ է,որ Նոսկվան Թեհրանի հետ մաքսիմալ անկեղծ գտնվի՝ մեկընդմիշտ մերժելով կուլիսների հետևում Էրդողանի հետ վտանգավոր պայմանավորվածությունների հանգելու գաղափարը: