Անքնության պատճառն ուղեղի «անսարք անջատիչն է». գիտնականներ


22:14 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անքնությամբ տառապող մարդիկ չեն կարողանում քնի ժամանակ ճիշտ անջատել ուղեղը, հենց այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները՝ ավարտելով հերթական ուսումնասիրությունը: 

Անքնությամբ տառապող մարդկանց ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ նրանք չեն կարողանում ճիշտ անջատել կարճատև հիշողության համար նախատեսված ուղեղի հատվածը: Դա նշանակում է, որ մարդն աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնացման հետ խնդիրներ է ունենում և իր առջև դրված առաջադրանքների կատարման համար մեծ ջանքեր է գործադրում: 

Բժշկական ամերիկյան ակադեմիայի մասնագետները՝ բժիշկ Շոն Դրամոնդի գլխավորությամբ, բացահայտել են անքնությամբ տառապող մարդկանց ուղեղի ակտիվության աստիճանը՝ ցերեկը և գիշերը։ 

Անքնության պատճառ կարող են հադիսանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ընկճախտը, խրոնիկական ցավը, ինչպես նաև դեղամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը: Գիտնականների խոսքերով՝ առողջ մարդկանց մոտ կարճաժամկետ հիշողությունը միանում և անջատվում է՝ առաջադրանքն ավելի արդյունավետ կատարելու համար: Իսկ անքնությամբ տառապողների մոտ այս գործընթացը խախտված է: 

Անքնությամբ տառապող մարդկանց ուղեղը ոչ արդյունավետ է աշխատում: Զարմանալի չէ, որ այդ մարդկանց թվում է, թե իրենք ավելի երկար են աշխատում, քան առողջ քնով քնող մարդիկ, ասում են մասնագետները: 

Ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ առաջադրված վարժությունները միանման են կատարել թե՛ անքնությամբ տառապողները, թե՛ նրանք, ովքեր անքնությամբ չեն տառապում, սակայն առաջադրանքը կատարելուց հետո առաջին խմբի մոտ ուղեղը հանգստի վիճակի չի վերադարձել: 

Իրենց ուսումնասիրությունն ավելի մանրամասնորեն գիտնականները նկարագրել են «Քուն» ամսագրում:

Ինչպես պարզվել է, անքնությունից տառապում է մեր մոլորակի մեծահասակ բնակչության 10-15 %-ը: