Հայաստան եկող ոչ մի սիրիահայ բաց երկնքի տակ չի մնա


21:49 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը պետք է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողություն ձեռնարկի, մեծ իրարանցման պատճառ դարձավ: Օբաման սա ասել էր այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները եզրակացրել էին, որ Ասադի ռեժիմը քիմիական զենք է կիրառել Դամասկոսի արվարձաններում: 

Վերահաս պատերազմն անհանգստացնող է նաև Հայաստանի համար, քանի որ Սիրիայում է հզոր հայ համայնքներից մեկը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ նախարարությունն ամեն օր տեղեկանում է Սիրիայի վիճակից և կարող է ասել, որ տագնապ կա, որը խուճապի չի վերածվել. «Սիրիայում իրավիճակը վերահսկվում է, հայ համայնքում ևս վիճակը կայուն է, տագնապ կա, բայց պետք չէ խուճապի մատնվել: Այս պահին համայնքը խուճապի մեջ չէ, և սա այն դրականն է, որի հետ կարելի է հույս կապել»:

Ֆ. Զաքարյանն ասաց, որ այժմ Սիրիայից չկա օդային և ցամաքային ճանապարհ, և այն սիրիահայերը, ովքեր հիմա գալիս են Հայաստան, նախկինում Սիրիայից Լիբանան տեղափոխված և Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան եկողներն են: Նրա հավաստմամբ՝ եթե Սիրիայից մեր հայրենակիցների մեծ արտահոսք լինի, մենք կկարողանանք նրանց ընդունել. «Տարվել են նախապատրաստական աշխատանքներ, Հայաստան եկող ոչ մի սիրիահայ բաց երկնքի տակ չի մնա, սակայն բոլոր դեպքերում լավատես լինենք, որ այդ հոսքը շատ մեծ չի լինի, իսկ եթե լինի, մենք պատրաստ ենք ընդունել»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ այստեղ եկող սիրիահայերն առաջինն առողջապահության և կրթության խնդիր են դնում: Արդեն իսկ առողջապահությունն անվճար է, իսկ կրթական ոլորտում բարեփոխումները շարունակվում են: Անցյալ տարի շուրջ 350 սիրիահայ ուսանող անվճար կրթություն է ստացել, այս տարի ևս՝ ովքեր կարիքավոր են, անվճար կսովորեն։ «Սիրիահայերի հարցում արդեն մեեխանիզմները ձևավորված են, խնդիրները գիտենք, պարզապես պետք է փոքր-ինչ մոբիլիզացնել լուծման ուղիները»,- ասաց նա: