Մինչ Պուտինն ու Միշուստինը շտապել են ամանորյա շնորհավորական ուղերձ հղել ՀՀ ոչ բարով ղեկավարին, վերջինս ամենաառաջինը շնոհավորել է Ռուսաստանի թշնամի Զելենսկիին


17:16 , 30 դեկտեմբեր, 2022

Նիկոլի ռեվերանսը՝ Զելենսկիին

Բավական հետաքրքիր պատկերի ենք ականատես դառնում՝ ուշադրությամբ հետևելով՝ ով ում է նոր տարվա կապակցությամբ առաջինը շնորհավորում՝ անկախ նույնիսկ այն բանին, թե այս կամ այն ուղերձում ով ում ինչ է հասցեագրում կամ մաղթում:

Ուշագրավ պատկեր է ստացվել այս առումով Նիկոլի մոտ. մինչ Պուտինն ու Միշուստինը շտապել են շնորհավորական ուղերձ հղել ՀՀ ոչ բարով ղեկավարին, վերջինս առաջիններից մեկը, եթե ոչ ամենաառաջինը շնոհավորել է Ռուսաստանի թշնամի Զելենսկիին՝ հույս հայտնելով, որ աշխարհում խաղաղության ու համերաշխության մթնոլորտում իրենց կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերություններին:

Ստացվել է, որ ՌԴ ղեկավարները շնորհավորել են Նիկոլին, Նիկոլն էլ՝ նրանց թիվ մեկ հակառակորդ ու գրեթե ամենօրյա ռեժիմով Բաքվին մեր դեմ պատերազմ սկսելու կոչերով հանդես եկող ուկրաինացի չինովնիկների շեֆին, ինչը դիվանագիտական «լեզուն» հասկացողերին, անկասկած, չի կարող չհուշել, թե իրականում ինչ այս ամենը նշանակում:

Նիկոլի այսօրինակ ժեստը, կասկած չկա, նպատակ ունի Մոսկվային շատ կոնկրետ մեսիջներ հղելու, որոնք հատկապես Լաչինի միջանցքի ու, առհասարակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, երբ ցնցվում է ոչ երկիրը, կարող է այնքան էլ բարենպաստ ազդեցություն չունենալ Հայաստանի անվտանգության վրա. Հայաստանից Ուկրաինա սարքելու Նիկոլի փորձերը անխուսափելիորեն հանդիպելու են Մոսկվայի հակազդեցոթյանը, ինչը կարող է հղի լինել մեզ համար անկանխատեսելի հետևանքներով: Որոշ գրանտակերներ, իհարկե, կարող են Նիկոլին այս քայլի համար և գովաբանել ու նրան՝ ՀՀ ինքիշխանության համար պայքարի առաջամարտիկ մատուցել, բայց ակնհայտ է, որ նախ՝ Նիկոլն ու «ինքնիշխանություն» եզրույթը միմյանց հակոտնյա բաներ են, երկրորդ՝ սեփական հասակից բարձր թռչելու փորձերը կարող են մեր «քթից բերել», ու Ուկրաինայի ներկայիս վիճակը մեզ համար հանկարծ երանություն թվա. նրանց գոնե ՆԱՏՕ-ն է աներկբայորեն աջակցում, մեզ որևէ մեկը նման խոստում տվե՞լ է:

Նիկոլին դա չի հետաքրքրում, Նիկոլին հետաքրքրում է իր շիկահեր կուրատորների կամքը, հանուն որի նա զոհասեղանին կդնի ամբողջ ազգը՝ սոսնձվելու սեփական աթոռին, որը դարձել է նրա միակ երաշխիքը՝ ֆիզիկական գոյության: