Իրենք «կաշան» եփել են, թող իրենք էլ որոշեն՝ ինչպես բացել Լաչինի միջանցքը. արցախցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց են


14:54 , 30 դեկտեմբեր, 2022

Եկել ենք կառավարության շենքի մոտ, որպեսզի իրենք ամեն ջանք գործադրեն, և բացվի Լաչինի միջանցքը, իրենք եփել են այս «կաշան», թող իրենք էլ մտածեն ինչպես բացել միջանցքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող արցախցիներից մեկը։

«Բոլոր հարազատներս Արցախում են հիմա, ամեն ինչի պակաս կա՝ դեղորայքի, մթերքի, խանութները դատարկ են, մեկը մեկին օգնելով ապրում են։ Հարևանիս հետ էի զրուցում երեկ, ասաց, որ մեկ պարկ կարտոֆիլը 28 000 է դարձել, դժվար է»,- ասաց Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակից արցախցիներին մեկը:

Մեկ այլ արցախցի էլ հայտնեց, որ կուսակցական պատկանելիությունները կողմ դնեն և զբաղվեն ազգի ճակատագրով, անձնական հարցերը հիմա անտեսել է պետք։
«30 տարվա պահած, պահպանածը հիմա հակառակորդի  տիրապետության տակ է, բայց Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ես Հադրութից եմ տեղահանվել, հիմա բարեկամներս Ասկերանում են, Ստեփանակերտում, ես մնացել եմ Երևանում։ Պետք է լուծել այս հարցը, պետք է դիվաագիտական մեծ աշխատանք կատարեն, քսան օր է փակ է ճանապարհը, հիվանդների վիճակն է ծանր, որ այսպես շարունակվի, չգիտեմ ինչ կլինի»,–ասաց արցախցին։