Մենք դաշնակցային պարտավորություններով կապված ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ուստի միշտ այնպիսի դիրք ենք զբաղեցնում, որը թույլ է տալիս արդյունավետ իրականացնել միջնորդի գործառույթը. Զախարովա


15:11 , 29 դեկտեմբեր, 2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենաշաբաթյա ճեպազրույցում հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է ակնկալում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և որ Երևանն ակնկալում է համապատասխան գործողություններ։

Ճեպազրույցի ժամանակ հարց է հնչել առ այն, թե արդյոք Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջնորդվո՞ւմ է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով։

«Չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Ռուսաստանի օգնությանը, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի  նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունների ամբողջ համալիրի վրա»,- ասել է Զախարովան։

«Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ մենք կապված ենք դաշնակցային պարտավորություններով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք միշտ այնպիսի դիրք ենք գրավում, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այս մասին»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ եթե խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա եթե Երևանը շահագրգռված լինի, կազմակերպության անդամ բոլոր երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։