Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու. Չավուշօղլու


13:18 , 29 դեկտեմբեր, 2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, որ այնտեղ տեղի ունեցող վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու։

«Եղբայրական Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր քայլերը սերտորեն համակարգում է Բաքվի հետ։ Լաչինի ճանապարհին վերջին իրադարձությունները, անկասկած, Հայաստանի համար անկեղծության ստուգման փորձ են լինելու։ Եղբայրական «Ադրբեջանի հանքերը թալանելու» (չակերտները՝ Tert.am) փորձերն անընդունելի են»,- ասել է թուրք նախարարը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը  շարունակում է փակ մնալ։ Ադրբեջանցի «բնապահպանները» հայտարարում են, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հանքերի շահագործումն «ապօրինի է» (չակերտները՝ Tert.am) և պետք է դադարեցվի:

Նախօրեին Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: 

«Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է կառավարության հայտարարության մեջ: