Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Նիկոլ Փաշինյան


11:45 , 29 դեկտեմբեր, 2022

Լաչինի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից նրա ստանձնած միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե  նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստնեը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ  պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։

Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով մի քանի դեպքեր, ինչպես Փառուխն էր և այլն, և ասաց․ «Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ  նիստում ու ԼՂ -ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,–ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի  միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների  պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը  հերթական  ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի  դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք  այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ  կարգավորումների հասնելու համար»,- ընդգծեց վարչապետը։