Ֆրանսիան՝ Ռուսաստանի փոխարե՞ն


17:46 , 28 դեկտեմբեր, 2022

Ֆրանսիան՝ Ռուսաստանի փոխարե՞ն

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի բազմաթիվ ազդեցիկ մտավորականներ ու մշակութային երևելի գործիչներ դիմել էին Մակրոնին՝ այս ճակատագրական պահին միայնակ չթողնելու Հայաստանին ու Արցախին, Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներն են համատեղ բաց նամակ հրապարակել ազդեցիկ «Le Monde» օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Ֆրանսիացիների այս քայլը, անշուշտ, ոչ միայն մարդասիրության կամ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի արգասիք պետք է դիտարկել, այլև՝ խորքում հստակ քաղաքական նպատակներ ունեցող: Խնդիրն այն է, որ ՌԴ-ն Կովկասում թուլանում է, ուստի Արևմուտքում կարծում են, որ հեռու չէ այն օրը, երբ Մոսկվան կլքի Կովկասը՝ ոչ միայն իր խաղաղապահներին դուրս բերելով Արդբեջանից, այլև հեռանալով Հայաստանից, որտեղ, ինչպես հայտնի է, այդ երկրի վարկանիշը հասել է պատմական մինիմումի ոչ միայն ուժեղ հակառուսական քարոզչության պատճառով, այլև՝ նույն Արցախի խնդրում Մոսկվայի կրավորական կեցվածքով պայմանավորված, որի կուլմինացիան կարելի է համարել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հետևաբար՝ առաջ է եկել սուրբ տեղը թափուր չթողնելու խնդիր, և դա է թերևս պատճառը, որ Ֆրանսիան, փաստորեն, փորձում է ավելի ակտիվանալ՝ Հայաստանում Ռուսաստանին փոխարինելու հնարավոր հեռանկարով: Ճիշտ է՝ իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարը դեռևս ինչ-որ առումով մշուշոտ է մնում, բայց այն, որ որոշակի միտում նկատվում է, փաստ է:

Հարց է առաջանում՝որքանո՞վ կարող է նման սցենարը Հայաստանի համար դրական լինել: Իհարկե, մեր երկրի գերխնդիրը բոլոր ժամանակներում եղել է ու մնում է թուրքական սպառնալիքից պաշտպանվելու հրամայականը, և եթե բանը հասնի նրան, որ Մոկսվան իսկապես հեռանա Անդիրկովկասից, ինչը, խոստովանենք, մի փոքր դժվար պատկերացնելի է, ապա, իհարկե, Ֆրանսիան կարող է ալտերնատիվ դիտարկվել, բայց միայն այն դեպքում, եթե այդ աջակցությունը լինի գործնական՝զինական, տևական:

Արևմուտքը նոր աշխարհակարգում Կովկասը դիտարկում է՝ թուրքական ազդեցութան գոտի. կոնկրետ Վրաստանին տանում են այդ ուղղութամբ արդեն վաղուց, դե իսկ Բաքվում ապրողները, առհասարակ, իրենք իրենց թուրք են կարծում՝ինքնաբերաբար հանդիսանալով Թուրքիայի «կույրաղիքը»՝ Կովկասում: Մնում է լուծել Հայաստանի հարցը, որը սեպ է՝ խրված թյուրքական աշխարհի մեջտեղում: Այդ հարցը սկզբի համար Արևմուտքը կարող է լուծել Ֆրանսիայի օգնությամբ, բայց հետո այսպես թե այնպես մեզ ստիպելու են թուրքրերին բարի աչքով նայել՝ ֆրանսիական ազդեցությունը թուրքականով փոխարինելու նպատակով, քանի որ նախ՝ կարող է պարզվել, որ Ֆրանսիան չունի համաատասխան ռեսուրս Կովկասում գործուն ներկայություն ունենալու, ապա՝ ստրատեգիական առումով Արևմուտքին ձեռնտու կլինի Հայաստանի դե ֆակտո վիլայեթացումը, որը կվերացնի Թուրքիայի առջև Հայաստանից բխող բոլոր հնարավոր մարտահրավերները: Ասել կուզի՝ Ֆրանսիայի հնարավոր ներկայությունը Հայաստանում կարող է ընդամենը միջանկյալ լուծում լինել և ոչ ավելին: