Նման անվտանգային միջավայրի ու աշխարհագրության պայմաններում Երևանի համար հակացուցված է հակառուսական խաղեր տալը


13:17 , 27 դեկտեմբեր, 2022
Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Ալիևը որոշի գործել՝ հրապարակային հայտարարություններից անցնելով գործնական քայլերի ընդդեմ Հայաստանի, մենք ռուսներից ինչպե՞ս ենք պահանջելու, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականություններն այն դեպքում, երբ վերջիններիս հետ ՀՀ-ն վատ հարաբերություններ ունի, անուսասեր Գրիգորյան Արմենը պատասխանել է, որ երկկողմ հարաբերությունները պայմանագրային են, և եթե քայլեր չձեռնարկվեն ՌԴ-ի կողմից, հարց կառաջանա, թե ինչո՞ւ է այդպես՝ միաժամանակ խոստովանելով, որ ինքը չունի կոնկրետ այդ «ինչու»-ի պատասխանը:

ԱԽՔ-ի փաստարկը, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, հետևաբար՝ ՌԴ-ն ցանկացած դեպքում պետք է պաշտպանի Հայաստանին, ոչ մի քննադատության չի դիմանում՝ նկատի ունենալով ռեալ պոլիտիկին, բայց հատկապես ներկայիս Հայաստանին բնորոշ իրողությունները. պայմանագիրը՝ պայմանագիր, բայց այն խոշոր հաշվով թղթի կտոր է, որը, ելնելով միջազգային հարաբերություններին բնորոշ առանձնահատկություններից, չի կարող հավիտենական բնույթ կրել: Այն ժամանակին կրել է ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերոթյունների շունչը, արտահայտել միանսական շահերը, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ շահերի փոխադարձ ընդհանրության հիմքով կենսունակ հարաբերություններ ունենալու: Այլ կերպ ասած՝ այդ պայմանագիրը կամ պայմանագրերը կգործեն միայն այն ժամանակ, եթե ՀՀ-ն աներկբայորեն գտնվի ՌԴ հետ միևնույն շահերի կամ Մոսկվայի ազդեցության գոտում՝ մի բան, որից գլխապատառ փորձում են հրաժարվել ներկայիս իշխանությունները՝ Հայաստանը գցելով ՆԱՏՕ-ական բևեռի ազդեցության տակ: Նիկոլը չի կարող Հայաստանում մի ձեռքով թելել MI-6-ի շեֆի թելը, մյուսով ակնկալել Մոսկվայի աներկբա աջակցությունը. կոմպլեմենտարիզմի դարը ավարտվել է կամ շատ մոտ է ավարտվելուն, ուստի երկրները ստիպված են բռնել կա՛մ մեկի, կա՛մ մյուսի կողմը:

Նման անվտանգային միջավայրի ու աշխարհագրության պայմաններում Երևանի համար հակացուցված է հակառուսական խաղեր տալը: Ընդ որում՝ հակացուցված է նաև այն պարզ պատճառով, որ ռուսական անվտանգային վահանին փոխարինող այլ վահան մենք ուղղակի չունենք, մեզ չեն էլ առաջարկել, ոչինչ չեն երաշխավորել՝ խոստանալով միայն կարծիք հայտնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: