Մեծ էկրան է բարձրացել Վրույր Թադևոսյանի՝ Արցախյան պատերազմից տուժած երեխաների մասին պատմող «Ասք կապույտ երկնքի» վավերագրական ֆիլմը (Photo, Video)


12:58 , 27 դեկտեմբեր, 2022

Լոս Աջելեսում տեղի է ունեցել լրագրող Վրույր Թադևոսյանի «Ասք կապույտ երկնքի» (The Tales of The Blue Sky) վավերագրական ֆիլմի փակ պրեմիերան։ Հրավիրված էին լոսանջելեսահայ համայնքի առաջնորդներ, կինոարտադրության ոլորտի հայտնի ամերիկահայ գործիչներ, արտիստներ ու հասարակական գործիչներ։

«Ասք կապույտ երկնքի» ֆիլմում Վրույր Թադևոսյանը ներկայացնում է Արցախյան 44-օրյա պատերազմի ականատես երեխաների ապրումները, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան։

Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում. Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ։ Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները մանկական պարզ մտքով պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը։ Հերոսներից մեկի եղբայրն անհայտ կորած է համարվում, մյուսի հայրը ծանր վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից, մեկ ուրիշ ընտանիք թշնամու մարտական հենակետից մի քանի մետրի հեռավորության վրա է ապրում...

View this post on Instagram

A post shared by Vruir Tadevosian (@vruirtadevosian.tv)

Վրույր Թադևոսյանն ինքն էլ պատերազմի ազդեցությունն անմիջապես կրել է 90-ական թվականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է ծնվել, ու կյանքի առաջին տարիներն անցկացնելով ստորգետնյա ապաստարաններում՝ Վրույրի համար այսօր արդեն առաքելություն է դարձել հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով ցույց տալ, թե որքան ծանր ու անդառնալի հետևանքներ է բերում պատերազմը երախաների համար։

«Ես ինքնս պատերազմ եմ տեսել, մանկությունս ապաստարաններում անցկացրել, ու ամեն օր թշնամու կրակոցից պատսպարվել՝ երբեք չիմանալով, թե երբ կավարտվի կյանքեր խլող, խոնավ հողի տակ մեզ օրերով պահող պատերազմը։ Երեխա ժամանակ ոչինչ չգիտեինք արտաքին աշխարհի մասին։ Միայն գիտեինք, որ այնտեղ՝ մեզանից մի քանի մետր հեռու էլի ինչ-որ մեկի տունը ռմբակոծվեց։ Ամեն օր միայն լսում էինք՝ պատերազմ է... Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, ողբերգական գիտակցման եկա, որ մի ամբողջ սերունդ կրկին ականատեսն է լինելու պատերազմի արհավիրքին։ Այդ ժամանակ էր, որ որոշեցի առաքելություն դարձնել պատերազմից տուժած երեխաներին օգնելն ու նրանց կյանքի որակի բարձրացման համար հանրային մեծ ուշադրություն սևեռելը։ Մենք ամեն հնարավոր առանցքից լուսաբանում ենք պատերազմը, բայց իրականությունը նոր-նոր ճանաչող երեխաների խնդիրներն անտեսում ենք ավելի մեծ թվացող ամենօրյա հոգսերի ֆոնին։ Այս ֆիլմով ուզում եմ դա փոխել։ Հանդիսատեսից ոմանք նունիսկ չէին էլ պատկերացնում, որ մեզ հետ՝ մեր կողիքն դեռ կան սոցիալապես այդքան ծանր վիճակում ապրող մարդիկ, ովքեր այնուամենայնիվ իրենց լավատեսությամբ վարակում են մյուսներին։ «Ասք կապույտ երկնքի» ֆիլմը մի մեծ ճամփորդություն է մանուկների աշխարհ, որտեղ գերակշռում է աշխարհն ընկալելու պատկերային կողմը։ Հանդիսատեսն ամբողջ ընթացքում ապրում է երեխաների հետ, խաղում, ծիծաղում ու արտասվում։ Երբ ֆիլմի առաջին դիտումն ավարտվեց, մի քանի րոպե լռություն էր, ծանր, խոսքեր չկային։ Կարծում եմ՝ հանդիսատեսն այսքան մեծ էմոցիաներ ստանալուն պատրաստ չէր, որովհետև մարդիկ դժվարությամբ են պատկերացնում, որ երեխաները ևս խորությամբ կարող են ընկալել ողբերգությունն ու «պատերազմ» կոչվող արհավիրքը։ Ֆիլմն ընդուվեց միանշանակ բարձր գնահատականով՝ նկատի ունենալով ինչպես միջազգային չափանիշներին համապատասխանելը, այնպես էլ բովանդակային արժեքն ու թեմայի արդիականությունը։ Կարող եմ ասել՝ ստացվեց ավելին, քան ակնկալում էի»,- Վրույր Թադևոսյան։

Ֆիլմում շատ են խորհրադանիշներն ու ենթատեքստերը, բնապատկերներն ու հայկական կենցաղը։ Ամեն հաջորդ կադր և նախադասությունկարևոր իմաստներով կապված են իրար։ Այս ամենը զուգորդվում է «Հող» բենդի ինքնատիպ երաժշտությունուվ, որը հոգեբանական խորքեր է բացում երեխաների աշխարհը տեսնելու համար։

Ֆիլմի առաջխաղացման, միջազգային մեծ հարթակներում ֆիլմը ցուցադրելու և երեխաների իրավունքներով զբաղվող տարբեր կառույցների հետ համագործակցելու առաջարկներ արդեն եղել են։ Հայաստանյան լսարանը ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա արդեն 2023 թվականին, ընդ որում՝ նախատեսվում է հատուկ հանդիսավոր արարողությամբ ֆիլմը ցուցադրել նաև Արցախում։

Ֆիլմի հետագա աշխատանքները կազմակերպելու, Արցախի մանուկների խնդիրները բարձրաձայնելու և միջազգային հեղինակավոր փառատոններին ներկայացնելու համար դրամահավաքի առցանց պորտալ է նվիրաբերել Veterans of Armenia հիմնադրամը, հղումով հասանելի են նաև այլ մանրամասներ նախագծի վերաբերյալ։