18:36 , 3 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Բունդեսլիգայի 4-րդ տուրի հերոսը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է: Նրա դուբլի շնորհիվ թիմը ոչ միայն Ֆրանկֆուրտում հաղթեց «Այնտրախտին», այլև միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բորուսիայի» հայ ֆուտբոլիստի մասին «Սպորտ Էքսպրես» թերթի թղթակցին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ հավաքականի կազմում 1988 թ. օլիմպիական չեմպիոն Յուրի Սավիչևը, ով այժմ մարզում է գերմանական օբերլիգայի «Գերմանիա Շնելսեն» թիմը:
- Ես Մխիթարյանի խաղը տեսել եմ դեռ Հայաստանի հավաքականում: Այդ ֆուտբոլիստն իսկական գտածո է «Բորուսիայի» համար,- կարծում է Սավիչևը:- Եվ գիտեմ, որ Յուրգեն Կլոպը գոհ է նրանից:
- Դորտմունդցիների մարզիչը նշում է իր նորեկի հարվածների հրաշալի տեխնիկայի մասին…
- Ֆրանկֆուրտում երկու գոլն էլ նա խփեց ձախ ոտքով, և դրանք գեղեցիկ ստացվեցին: Բայց նաև աջ ոտքով է գրավում դարպասը: Շատ արժեքավոր է, որ ֆուտբոլիստը երկու ոտքով էլ լավ է հարվածում:
- Ըստ տարբեր աղբյուրների` Մխիթարյանի համար վճարել են 25-27,5 մլն եվրո: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ գին է դա:
- Հիմա խաղացողներին սարսափելի մեծ գումարներով են գնում: Բայց, կարծում եմ, Մխիթարյանը կարող է արդարացնել իր վրա ծախսված գումարները: Գերմանացիները հենց այնպես փողեր չեն ներդնում: Գիտեմ, որ Մխիթարյանին դորտմունդցիները վաղուց էին հետևում:
- Կարո՞ղ եք համեմատել նրան Մարիո Գետցեի հետ, ում փոխարեն «Բորուսիան» հրավիրեց Դոնեցկի «Շախտյորում» հանդես եկող հայ ֆուտբոլիստին:
- Գետցեն, իհարկե, շատ բարձր տեխնիկա ունի, սակայն թիմին, հնարավոր է, ավելի շատ օգուտ կտա Մխիթարյանը: Նա արագաշարժ է, մոբիլ, հաճախ է վերադառնում թիկունք` օգնելու պաշտպանությանը: Ընդհանրապես` Հենրիխն ավելի շատ է վազում: Իսկ Գետցեն, խաղալով Դորտմունդում, սպասում էր իր պահին. նա այնպիսի ֆուտբոլիստ է, որ կարող է ոչնչից կոնֆետ արարել: Տեսնենք, թե ինչպես կհարմարվի «Բավարիային»… Կարծում եմ` Մխիթարյանը հանգիստ կարող է փոխարինել նրան, քանի որ ավելի շատ թիմային խաղացող է: Նա, հավանաբար, կարող է չանհանգստանալ հիմնական կազմում տեղի համար: «Բորուսիան» շատ է մամլիչ գործողություններ իրականացնում և դրա շնորհիվ առավելության է հասնում: Մխիթարյանը, ինչպես երևում է, պատրաստ է նման խաղի:
Կլոպի աշխատանքին ես վաղուց եմ հետևում: Նա «Մայնցում» փնտրում էր այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր ոչ միայն կարող էին խաղալ հարձակման գծում, այլ նաև պաշտպանությունում: Ամեն տարի այդ մարզիչը լավ ֆուտբոլիստներից որևէ մեկին կորցնում է, բայց, միևնույն է, նրա թիմը չի թուլանում: Այդպես եղել է «Մայնցում», այդպես է հիմա «Բորուսիայում»:
- «Շախտյորում» անցկացրած 29 խաղում Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության ռեկորդ սահմանեց` խփելով 25 գոլ: Ի՞նչ եք կարծում, Մխիթարյանը կկարողանա՞ նույնքան գոլ խփել Գերմանիայում:
- Թող ուկրաինացիները չնեղանան, այդ երկրի առաջնությունը, այնուամենայնիվ, թույլ է գերմանականից: Եթե Մխիթարյանը 10-15 գոլ խփի Բունդեսլիգայում, դա արդեն մեծ նվաճում կլինի: Գերմանական առաջնությունը վերջին շրջանում նկատելի առաջընթաց է ապրել և, ըստ իս, հիմա ուժեղագույնն է Եվրոպայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ