Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար իրազեկել «Հին Երևան» ծրագրի իրականացման ընթացքի մասին


17:34 , 3 սեպտեմբեր, 2013

Hetq.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապես Մուշեղ Ղազարյանին պարգևատրել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով:

Օրակարգային հարցերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառանալով Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանների բնակիչների հետ ունեցած հանդիպմանը, հանձնարարել է պատկան մարմինների հետ համագործակցված հնարավորին կարճ ժամկետում ավարտել մասնաշենքերից մեկի համայնքի ենթակայությանը փոխանցման գործընթացն ու քայլեր ձեռնարկել բնակիչների կողմից բնակարանների սեփականաշնորհման ուղղությամբ:

«Մեկ մասնաշենքում արդեն իրականացվել է սեփականաշնորհման գործընթացը, և բնակիչներին տրվել են վկայականներ: Երկրորդ մասնաշենքում մենք դեռ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այդ քաղաքացիների բնակարանների սեփականաշնորհման խնդիրները ևս լուծել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել հանրակացարանային շենքերի գազիֆիկացման հնարավորության մասով:

Անդրադառնալով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումներին՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում հավուր պաշաճի կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

Դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալներ, վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի ավագանու անդամներ: Զեկուցվել է նաև, որ առաջին դասարանցիներն արդեն իսկ ստացել են համապատասխան դասագրքերը, իսկ շաբաթվա ընթացքում կավարտվի նաև բարձր դասարանների աշակերտներին դասագրքերի բաշխումը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր դպրոցների բուժկետերն ապահովվել են առաջին անհրաժեշտության դեղորայքով և բուժպարագաներով: Զեկուցվել է նաև, որ սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ոստիկանության կողմից սահմանված է ուժեղացված հերթապահություն:

Ամփոփելով «Երևանյան ամառ» խորագրով ծրագիրը՝ զեկուցվել է, որ բոլոր միջոցառումները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ մակարդակով: Եզրափակիչ միջոցառումն անցկացվել է Կարապի լճին հարակից տարածքում: Ծրագրի շրջանակում անցկացված անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ դիմած 2947 քաղաքացիներից 1070-ը լրացուցիչ հետազոտության են ուղեգրվել, կատարվել է 60 վիրահատություն, ևս 25 հոգի կվիրահատվեն առաջիկայում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աշխատանքները և ծրագրի ամբողջական ամփոփումից հետո ներկայացնել տեղեկատվություն:

Անդրադառնալով «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում թանագարններ անվճար այցելության համար տրամադրված, սակայն չօգտագործված տոմսերի հարցին՝ քաղաքապետը հանձնարել է մինչև սեպտմեբերի 10-ը հնարավորություն տալ ծրագրով տրամադրված տոմսերով այցելել թանգարաններ:

««Երևանյան ամառ» ծրագիրը մայրաքաղաքում անցկացվեց առաջին անգամ, սակայն պետք է դառնա ավանադական և լինի առավել ընդգրկուն ու հագեցած տարբեր միջոցառումներով: Այդ ուղղությամբ արդեն իսկ պետք է մշակել համապատասխան ծրագիր և ներկայացնել առաջարկներ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացված սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ կոմունալ տնտեսության վարչության պետը  զեկուցել է, որ ծրագիրն ամփոփվել է Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիներում կազմակերպված աշխատանքներով: Իր գոհունակությունը հայտնելով ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին ներգրավված բոլոր կառույցներին և կամավորներին ակտիվ մասնակցության համար:

Անդրադառնալով «Արի տուն»  ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված աշխատանքներին զեկուցվել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Դավթաշեն, Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանները ճանաչվել են «Լավագույն վարչական շրջաններ», իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Ալոյանների ընտանիքն էլ, որը հյուրընկալել է 5 սփյուռքահայ երեխաների, որպես «Լավագույն հյուրընկալ ընտանիք»:

Շարունակվում է հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ: Զեկուցվել է, որ առաջիկայում մայրաքաղաքում գործող բոլոր սուբյեկտերին կներկայացվի այն աշխատանքների բնութագիրը, որը պահանջվում է տնտեսվարողներից:

Մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել գործընթացին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:

«Հին Երևան» ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի ընթացքի վերաբերյալ պարբերաբար իրականացնել հանրային իրազեկում՝ հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: