Շվեդիայի արքայադուստր Մադլենի առաջնեկը կծնվի մինչև 2014-ի մարտի սկիզբը


21:21 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI-ի և թագուհի Սիլվիայի կրտսեր դուստրը՝ արքայադուստր Մադլենը, ով 2013-ի հունիսի 8-ին ամուսնացել էր ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ՝Նիլի հետ, սպասում է իր առաջնեկին: Երեխան լույս աշխարհ կգա մինչև 2014-ի մարտի սկիզբը: Այս մասին ասվում է Շվեդիայի թագավորական պալատի կայքի հաղորդագրության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Արքայադուստրն աշխատում է Նյու Յորքում՝ մայր թագուհու կողմից ստեղծված Մանկական համաշխարհային հիմնադրամում, ինչպես նաև մասնակցում է Շվեդիայի թագավորական ընտանիքի տարբեր պաշտոնական միջոցառումներին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հղիությունը չի ազդում Մադլենի աշխատանքի վրա: 

Մադլենի ամուսինն ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն: Եթե նրանց երեխան ունենա միայն ԱՄՆ-ի քաղաքացիություն, ապա նրան չեն կարող ներառել Շվեդիայի գահաժառանգների թվում: Նրան այդ շարքը չեն ներառի նաև այն դեպքում, եթե երեխան ունենա կաթոլիկ դաստիարակություն: