Հերթական հուշումը. Երևանի ավագանու անդամն իրավունք ունի կազմակերպել քաղաքացիների ընդունելություն


17:16 , 3 սեպտեմբեր, 2013

Հարգելի պարոն Մարգարյան
Ի պատասխան այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ Ձեր նկատողությանն ու եզրակացությանն այն մասին, որ Երևանի ավագանու անդամին խորհրդակցության սենյակից դուրս հրավիրեն, եթե Դուք նրան գրավոր թույլտվություն չեք տվել այդ խորհրդակցությանը մասնակցելու համար, հրապարակավ հայտնում եմ, որ ես նախապես հանդիպել էի Երևանի գլխավոր ճարտարապետի հետ և պայմանավորվածություն էի ձեռք բերել Կոմիտաս 5 հասցեի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների հետ հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Գլխավոր ճարտարապետը խոստացավ ու քննարկման օրն ինձ նախապես տեղյակ չպահեցին: Այդ օրը՝ օգոստոսի 27-ին, երբ ես Աշտարակում ԿԳ նախարարի հրամանով մասնակցում էի Արագածոտնի մարզի օգոստոսյան խորհրդակցությանը, Կոմիտաս 5-ի բնակիչներն ինձ զանգեցին և տեղյակ պահեցին քննարկման մասին, որին ես հասա ուշացումով: Հերթական անգամ հուշում եմ Ձեզ, որ «Երևանի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Երևանի ավագանու անդամն իրավունք ունի կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, կազմակերպել հանրային քննարկումներ, որի համար Ձեր կողմից որևէ արգելք չի կարող լինել:
Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան