Երջանիկ լինելու գաղտնիքները


20:57 , 3 սեպտեմբեր, 2013

Երջանկությունը կյանքի բազմակողմանիության, լիարժեքության վայելումն է, շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվելու զգացողությունը: Իհարկե, անգամ երջանիկ մարդիկ չեն ապրում երջանկության զգացումը մշտապես: Նրանց կյանքում էլ ուրախության պահերին հաջորդում են մտահոգություններն ու տառապանքները: Կյանքն իր մեջ անխուսափելիորեն պարունակում է անհաջողություններ ու հիասթափություններ, կորուստներ, թյուրիմացություններ անգամ հարազատ մարդկանց հետ, ինչի արդյունքում անպակաս են բացասական զգացումները` ցավ, տխրություն, վիշտ… Բայց երջանիկ մարդիկ վճռական ու համարձակ անցնում են կյանքի փորձություններով: 

Լինելով խելացի` նրանք մի կողմից ընդունում են դրանք որպես կյանքի անբաժանելի մաս, մյուս կողմից` չեն կորցնում աշխատունակությունը և անում են իրենցից կախված հնարավոր փորձությունները հաղթահարելու համար: Երջանկությունը հենց այդ էլ նշանակում է. սիրել կյանքը` իր ուրախություններով ու տխրություններով հանդերձ, սիրել աշխարհը` իր երկու անխուսափելի չարի ու բարու բևեռներով: Իսկական երջանկությունը ճառագում է բնության հանդեպ սիրուց, ընկերների հանդեպ լավ վերաբերմունքից, ակտիվ գործունեությունից և այս ամենի հիմքում ընկած գաղափարից` սիրուց դեպի այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում (այդ թվում սիրուց ինքներս մեր նկատմամբ): Երջանկությունը, նույնանալով սիրո հետ դեպի կյանքը, աշխարհը և մեր անձը, կլցնի մեր օրերը համապատասխան մտքերով, զգացումներով ու գործողություններով:

Երջանիկ մարդը մնացածից տարբերվում է բարությամբ ու մեծահոգությամբ, բարյացակամությամբ, մարդկանց նրբորեն զգալու, նրանց օգտակար լինելու կարողությամբ, վստահելիությամբ ու պատասխանատվութամբ, ազնվությամբ, մարդկանցից գլուխ հանելու ունակությամբ և ինքնավստահությամբ: Նրանք ոչ մի դեպքում չեն կորցնում ակտիվ գործունեության ընդունակությունը, կարողանում են կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները և ունեն համարձակությունը անելու այն, ինչ անհրաժեշտ են համարում:

Ամեն ինչ որոշում են մեր մտքերն ու արարքները

Ինչպիսին էլ փորձենք ցույց տալ մեզ, միայն մեր մտքերով ու գաղափարներով, նպատակներով ու արարքներով է որոշվում` ով ենք մենք իրականում: Մենք կարող ենք ցածրացնել մեզ չար մտքերով ու եսասիրությամբ, բայց կարող ենք և բարձրանալ` անկեղծորեն մեր նպատակին, մեր իդեալին ձգտելով: Ըստ էության` մեր ամեն դրական գործողությունը, անկախ նրանից նշանակալի ենք համարում այն, թե աննշան, առաջացնում է ինքնագնահատականի բարձրացման ու ներդաշնակության զգացում: Դրանով մենք նաև զգալի օգուտ ենք բերում մեր հասարակական դիրքին. չէ՞ որ դրական հեղինակությունը շատ ազդեցիկ դեր ունի բիզնեսում, օգնում է բարեկամական հարաբերություններ կնքելուն մեզ հետաքրքրող մարդկանց հետ:

Երջանիկ մարդիկ ունենում են բազմազան հետաքրքրություններ

Եվս մեկ տարբերակիչ գիծ երջանիկ մարդկանց համար. նրանք հետաքրքրություն են տածում ամենաբազմազան զբաղմունքների հանդեպ: Ոչինչ չի կարող փոխարինել այն հաճույքին, որը մեզ պարգևում է ակտիվ, բազմազան հետաքրքրություներով հագեցած կյանքը: Բացի այդ` այսպիսի կյանքը հնարավորություն է տալիս ցրվել տհաճություններից, իսկ բանականությունը գտնում է` ինչով փոխարինի ծանր ու բացասական մտքերը:

Երջանիկ ես, երբ սիրում ու ապրումակցում ես 

Երբ մենք երջանիկ ենք, մեզ համար բնական է սիրելն ու շրջապատող մարդկանց հանդեպ սրտակցության զգացում ունենալը, նրանց հետ անկեղծանալու, համագործակցելու ձգտումը: Զգացմունքային կապերը շրջապատող մարդկանց հետ ամրապնդում են մեր ինքնահարգանքը, տալիս են կյանքին, հասարակությանը պատկանելու զգացում: Մեզ ընդունում ու հարգում են, մեզ սիրում են: Մենք անհրաժեշտ ու պետքական ենք զգում այն դեպքում, երբ օգնում, մեր ուժերն ենք նվիրում ընկերներին ու սիրելիներին: Իրենց հերթին ընկերները կարող են ցուցաբերել զգացմունքային աջակցություն, վստահություն հաղորդել մեզ, կիսվել օգտակար գաղափարներով, իսկ անհրաժեշտության դեպքում` օգնել և կոնկրետ գործողություններով:

Ամբողջական նյութը՝ այստեղ