Պատմության 10 ամենաանհաջող ռազմական առաջնորդները


17:40 , 3 սեպտեմբեր, 2013

Պատերազմներում միշտ էլ ինչպես պարտվողներ, այնպես էլ հաղթողներ են լինում: Երբեմն զորքը պարտություն է կրում հակառակորդի քանակային ու ուժային առավելության հետևանքով: Երբեմն էլ որոշ տարօրինակ իրավիճակների հետևանքով, որոնք ոչ ոք չէր կարող կանխատեսել: Երբեմն նույնիսկ վատ եղանակի պատճառով կարող է պարտություն կրել զորքը, ինչպես օրինակ պատահեց 1281թ.-ին Կուբլայ խանի մոնղոլական նավատորմի հետ, որը ջախջախվեց թայֆուն փոթորիկի պատճառով Կորեայի և Ճապոնիայի միջև նեղուցն անցնելիս: Այնուամենայնիվ, կան նաև դեպքեր, երբ զորքի պարտության պատճառը հրամանատարի կամ առաջնորդի սխալ կամ վատ ընտրած ռազմավարությունն է:
Իհարկե, նույնիսկ ամենալավ ռազմական առաջնորդը կարող է վատ օր ունենալ: Որպես այդպիսին, այս հոդվածում նեռառված չեն ուղղակի ճակատամարտը տանուլ տված առաջնորդները, այլ նրանք, ովքեր դժվարությամբ են կարողացել հաղթանակած դուրս գալ ճակատամարտում կամ չեն ունեցել այն իրական կարողությունները, որոնք թույլ կտային նրանց առաջնորդել ռազմական ուժերը, կամ բազմաթիվ կորուստներ են թույլ տվել սխալ ռազմավարության պատճառով: Այստեղ ներառված են նաև այնպիսի առաջնորդներ, ում պատմությունն ավելի շատ է արժևորում, քան իրականում նրանք արժանի են:

10.Դաշտային մարշալ Բերնարդ Մոնտգոմերի, Մեծ Բրիտանիա


Չենք կարող ասել, թե Մոնտգոմերին շատ վատ հրամանատար էր, միակ պատճառը, որ նա ներառվել է այս ցանկում այն է, որ միգուցե նա շատ ավելի է գնահատվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ունեցած իր ավանդի համար, քան իրականում արժանի է: Չնայած նա իսկապես հաղթանակ է տարել Ալ-Ալամեյնի ճակատամարտում, Եգիպտոսում 1942թ.-ի հոկտեմբերին, սակայն պետք է հիշենք, որ իրականում նա դուրս էր եկել գերմանական աֆրիկական կորպուսի դեմ, որն այդ ժամանակ չուներ անհրաժեշտ քանակությամբ օդային ուժ: Բրիտանացիներն ու դաշնակիցները իրենց թվով շատ ավելի էին, և դժվար կլիներ պատկերացնել, որ նրանք կարող են պարտվել: Այնուամենայնիվ, Մոնտգոմերին, չհետևելով իր հաղթանակն ավելի շուտ ապահովող ռազմավարությանը, որպեսզի գերմանացիներին Աֆրիկայից օր առաջ դուրս մղեր, սպասում է մինչև 1943թ.-ի մայիսը, որպեսզի վերջապես ավարտի այն, ինչը կարող էր անել դեռևս ամիսներ առաջ: Սակայն Եգիպտոսի մարտերը չէին Մոնտգոմերիի իրական խնդիրը: Դա ավելի ուշ էր պատահել, իսկ առաջինը Սիցիլիայում էր,  երբ Պաթոնի զորքերը ջախջախեցին Մոնտիի բրիտանական զորքը և դուրս հանեցին դեպի Մեսինա, որին էլ հաջորդեց Ֆրանսիայում Կայենի գրավման ձախողումը (քաղաքը գրավվեց 1944թ.-ի հուլիսի 18-ին` սկզբնական ժամանումից վեց շաբաթ անց միայն): Սրան հետևեց 1944թ.-ի Մարքի Պարտեզի օպերացիան, որտեղ նա փորձում էր Հոլանդիայում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 3 կամուրջներ գրավել, որը կհեշտացներ Ռուհրի հարթավայրի գրոհը: Սա իհարկե հրաշալի գաղափար էր սակայն վատ իրականացված, որի արդյունքում  6000 բրիտանացի զինվորներ ի վերջո հանձնվեցին Արնհեմում: Մոնտգոմերիի թույլ կողմը թերևս այն էր, որ նա մեղմ էր վարվում այն ժամանակ, երբ պետք է ավելի հարձակողական ռազմավարություն մշակեր և հակառակը` ավելի շտապողական հարձակումներ ձեռնարկում այն ժամանակ, երբ զգուշությունը նրան ամենևին չէր խանգարի:

9. Դաշտային մարշալ Էրվին Ռոմել, Գերմանիա


Ռոմելին այս ցուցակում ներգրավելը որոշ չափով վիճելի է: Ռոմելը վատ հրամանատար չէր, եթե հաշվի առնենք այն ծանր ռազմական իրադրություններն ու պայմանները, որոնցում նա հայտնվել էր` անհրաժեշտ ռազմամթերքի անբավարար քանակ, հակառակորդի համեմատ զինվորների քիչ քանակ: Այս ամենի հետ մեկտեղ կարելի է ասել` Ռոմելը Գերմանիայի լավագույն կամ գոնե ամենահայտնի հրամանատարներից է: Բացի այդ հայտնի է, որ նա ներգրավված է եղել Հիտլերին սպանելու դավադրության մեջ: Այնպես որ, նրան երկկողմանի կարելի է համարել հերոս: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք նրա իրական ձեռքբերումները, ապա հնարավոր է, որ նա իրականում չարժանանար այն համբավին, որ ունի: Չնայած հաստատակամ ու ընդունակ հրամանատար էր, այնուամենայնիվ հաճախ անհամբեր շտապողականություն էր ցուցաբերում մինչև իսկ այն աստիճան, որ նրա արարքները կարելի էր ուղղակի խելացնոր համարել: Սա էր թերևս պատճառը, որ Հյուսիսային Աֆրիկայում նա կրկնակի անգամ պարտվել է բրիտանացիների հետ ճակատամարտերում. առաջին անգամ նա պարտվում է բրիտանացի զորավար Օշինլեքին, իսկ երկրորդ անգամ նախորդ կետում նշված Մոնտգոմերիին ու վերջնականապես դուրս մղվում աֆրիկյան մայրցամաքից: Դրանից հետո նրան հանձնարարվել էր պաշտպանել ֆրանսիական ջրափնյա շրջանները դաշնակիցների ներխուժումից և հսկել բունկերներով ու հրազենով հարուստ արգելքները, որպեսզի թույլ չտար դաշնակիցներին վերցնել Նորմանդիայի ծովափնյա տարածքը, ինչն ի վերջո այդպես էլ եղավ 1944թ. հունիսի 6-ին ընդամենը մոտ կես ժամում: Սա ցույց տվեց, որ պետք չէ հույսը դնել ֆիքսված անշարժ արգելքների վրա` որպես պաշտպանություն, թշնամու զորքերին ներխուժումինց կանգնեցնելու համար (մի դաս, որ գերմանացիները պետք է քաղած լինեին դեռևս 1940թ. Մագինոտի գիծը ֆրանսիացիներից պաշտպանելու համար ձախողված իրենց փորձից): Իհարկե, պետք չէ ամբողջ պատասխանատվությունը դնել միայն Ռոմելի ուսերին, քանի որ ի վերջո նա գործում էր ֆյուրերի հրամանների համաձայն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրա գրեթե լեգենդար համբավը` ենթադրվում է, որ նա կարող էր ավելին անել Ֆրանսիայում դաշնակիցներին դիմադրելու և հաղթելու համար:

8. Ծովակալ Գունիչի Միկավա, Ճապոնիա


Այս դեպքը այն օրինակներից է, երբ հաջողակ առաջնորդը վայելում է հաղթանակի բերկրանքը ու դրանից հետո գրեթե միանգամից վատնում իրեն ընձեռված անգին հնարավորությունը: Ճապոնացի ծովակալ Միկավան հայտնի էր իր խելացիությամբ և սթափ դատելու ունակությամբ, երբ նա առաջնորդում էր ճապոնական 8-րդ նավատորմը 1942թ.-ի հուլիսին Ռեբեուլում: Ընդամենը մեկ ամիս անց նա պետք է առաջնորդեր նույն նավատորմը դեպի Երկրորդ աշխարհամարտի` Ճապոնիայի ամենամեծ ծովային հաղթանակը: Այսպես, 1942թ.-ի օգոստոսի 8-9-ը նա դուրս է գալիս Գուադալկանալ կղզին ողողող ջրերից և 4 դաշնակցային հածանավեր խորտակում մեկ ժամվա մեջ: Այս գործողությունն իրականացնելով` նա առանց պաշտպանության էր թողել Գուադալկանալը: Այնուամենայնիվ, իր այս հաջողությունն վերջնական համարելով` նա անհասկանալիորեն դադարեցնում է հարձակումներն ու հետ վերադառնում` այսպիսով ծառայելով ամերիկյան նավատորմին` կանխելով վերջիններիս հետագա ջախջախումը: Եթե նա շարունակեր իր հարձակողական ռազմավարությունը, ապա շատ հնարավոր է ԱՄՆ-ն ի վերջո ստիպված լիներ լքեր Սողոմոնյան կղզիները, որի արդյունքում պատերազմը կարող էր դեռևս երկարաձգվել ամիսներով և նույնիսկ տարով: Հետագայում նրա վերադասները քննադատեցին նրան այս սխալի համար, որի պատճառով նա ավելի փոքր ու ոչ մեծ կարևորության հրամաններ էին ստանում իր հետագա զինվորական կարիերայի ընթացքում, մինչև որ պարտադրական  թոշակի է ուղարկվում ճապոնական նավատորմի կողմից 1945թ-ի հունիսին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեք ամիս առաջ:

7. Սադամ Հուսեյն, Իրաք


Մարդիկ սովորաբար այնքան էլ չեն ընկալում Սադամ Հուսեյնին որպես ռազմական առաջնորդի (չնայած նա սիրում էր ռազմական համազգեստ կրել), սակայն 24 տարի շարունակ նա առաջնորդում էր իրաքյան հրաձգությունները: Ինչպես Հիտլերը, Հուսեյնը նույնպես անձամբ և խիստ մանրակրկիտ էր պլանավորում բոլոր մարտական գործողությունները: Այնուամենայնիվ կրկին, ինչպես Հիտլերը, նա ռազմական տակտիկական գործողությունները հանձնում էր այնպիսի մարդկանց ձեռքը, ովքեր ավելի շատ հավատարիմ էին իրեն, քան ընդունակ դրանք իրականացնելու: Իր կառավարության ընթացքում Սադամը երեք անգամ հարձակումներ է կազմակերպել` մեկ անգամ Իրանում և երկու անգամ Պարսից ծոցում, և բոլոր այդ մարտերը տանուլ է տվել: 1991թ.-ին ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ Սադամ Հուսեյնի` Քուվեյթի անպատեհ պաշտպանությունը գրեթե ամբողջ իրաքյան զորքի կյանքի ու իր սեփական գլխի գինն արժեցավ, արդեն դրան 11 տարի հետո` 2003թ.-ին ԱՄՆ-ի իրաքյան ներխուժման ընթացքում: Նրա ամենալավ միտքը թերևս այն էր, որ նա փորձում էր հավատացնել աշխարհին, թե զանգվածային ոչնչացման զենք ունի, որպեսզի կանգնեցնի կամ կանխի իրաքյան ներխուժումը, սակայն որն իրականում ավելի էր բորբոքում պատերազմը, որից նա փորձում էր խուսափել:

6. Գեներալ Ռոբերտ Ջորջես Նիվել, Ֆրանսիա

4

Ինչպիսի նշանակություն ուներ Դուգլաս Հեյգը (տես հաջորդ կետում) Բրիտանական զինուժի համար Առաջին  համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպիսին էլ Ռոբերտ Նիվելը Ֆրանսիայի համար էր: Ֆրանսիական ռազմական հրետանային սպան 1916թ.-ի դեկտեեմբերին առաջնորդում էր ֆրանսիական զորքը. նա գրեթե ոչինչ չէր անում, այլ մի կողմ քաշված նայում էր, թե ինչպես են իր առաջնորդած բանակի զինվորներն ու հոներն իրար անխնա կոտորում: 1916թ.-ի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը տևած Վերդունի ճակատամարտում Նիվելը կես միլիոն զոհ տվեց, մինչև որ ամեն ինչ ավարտվեց: Սակայն նրա ամենաանհաջող ռազմական գործողությունը «Նիվելի գրոհն» էր 1917թ.-ի գարնանը: Նա արագ հաղթանակ խոստացավ` ընդդեմ գերմանացիների ուղարկելով մեկ միլիոն ֆրանսիական զորք, որը գերմանական բանակի ընդամենը կեսի չափ էր, ու պարտություն կրեց: Մինչ երեք շաբաթ անց ֆրանսիական կառավարությունը կդադարեցներ ռազմական գործողությունը, 1 միլիոնանոց ֆրանսիական զորքի քառորդ մասն արդեն զոհվել էր, իսկ զորքի մեջ խռովություններ էին նկատվում: Այնուամենայնիվ, նրան հաջողվում է հանդարտեցնել բանակի խռովությունը, կանխել դրա ապստամբության տրամադրությունները ու կասեցնել հաղթանակը գերմանացիներին փոխանցելը:

Շարունակելի...