Ես չեմ կարծում, թե ապագայում Միջին Արևելքում մեծ պատերազմ կլինի. Արա Պապյան


16:50 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի մեկնաբանությամբ՝ սիրիական զարգացումները մեծ նշանակություն ունեն նաև մեզ համար, քանի որ Սիրիայում ունենք հայկական հզոր գաղութ. «Կոտրել Հալեպն ու Բեյրութը, նշանակում է՝ դրսում հայկական որևէ լուրջ թերթ կամ դպրոց չունենալ»:

Նա հավելեց, որ սիրիական հակամարտության մեջ ամենամեծ խաղացողը ԱՄՆ-ն է, որը գրեթե միայնակ է Սիրիային ընդդիմանալու հարցում: Նրան աջակցում է միայն Թուրքիան, ով ևս ռազմական միջամտության կողմնակից է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս երկիրը ցանկանում է, որ իրավիճակը լարված մնա, որովհետև այդ պարագայում նավթի գներն ավելի կբարձրանան. «Ես չեմ կարծում, որ ապագայում Միջին Արևելքում մեծ պատերազմ կլինի: Հրթիռային պայթյուններ կլինեն, դա էլ այն պատճառով, որ Օբաման հայտարարություններ է արել: Եթե ցանկանար, ավելի վաղ կաներ՝ առանց Սենատի վրա մեղքը բարդելու»:

Նա օրինակ բերեց Իրաքը, երբ ԱՄՆ-ը ջարդեց Սադամ Հուսեյնի միլիոնից ավել զորքը:

Հայաստանի վերաբերյալ բանախոսն ասաց, որ մեզ համար լարված շրջան է, մանավանդ որ նոյեմբերին նախատեսվում է Ասոցացման պայմանագրի նախաստորագրում և ՌԴ-ի հետ հարաբերությունների հստակեցում: