Կոնջոյան Հայկոյի «դիվանագիտությունը»


16:13 , 20 դեկտեմբեր, 2022
Հարցին՝ եթե ընդդիմությունը սխալվում է, երբ ՀՀ ղեկավարությանը կոչ է անում՝ ցանկացած գնով հասնելու Բերձորի միջանցքի բացմանը, ապա ի՞նչ է առաջարկում իշխանությունը, Կոնջոյան Հայկոն ասել է, թե Հայաստանը ձեռքերը ծալած չի նստում ու դիվանագիտական ջանքեր է բանեցնում՝ ապավինելով միջազգային հանրությանը. հենց միջազգային հանրությունն Արդբեջանին ճնշի, Իլհամը ճանապարհը կբացի:

Բանակի հերն անիծած քաղաքական ուժի կարկառուններից մեկի այս տեսակետը, որը, իհարկե, բացառապես Նիկոլի մտքի փայլատակման արդյունք է, ոչ մի քննադատության չի դիմանում՝ նկատի ունենալով հատկապես ՔՊ նախընտրական խոստումների շարանը, որտեղ, ինչպես հայտնի է, առանձին կետով նշված էր, թե իբր Հայաստանն է Արցախին տիրություն անողը:

Միջազգային հանրությունն է ու որոշում է, որ Արցախի հետ իրենք գործ չունեն՝ նկատի ունենալով հակապես Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ծավալվող համագործակցության գործոնը, աշխարհն է ու որոշում է, որ այլևս պետք է մի կողմ նետել դիմակներն ու ավելորդ չսեթևթել՝ ձևանալով մարդասեր կամ առավել ևս հայասեր և գործել ռեալ պոլիտիկի ռեժիմում, որտեղ Արցախի համար տեղ ուղղակի չի գտնվում՝ հաշվի առնելով շախմատային խաղատախտակի վրա ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Ի՞նչ է անելու Կոնջոյան Հայկը, Իլհամին իշմա՞ր է տալու՝ անձամբ սրելով թուրքի յաթաղանը, թե՞ առիթը բաց չի թողնելու՝ ռուսների վրա «բոչկա գլորելու»,բայց տակից խաղալով Իլհամի խաղը…

Կոնջոյան Հայկոն խոսում է դիվանագիտական ջանքերի կարևորության ու դրանց անայլընտրանքայնության մասին: Գուցե ինչ-որ առումով դիվանագիտությանն ապավինելը ճիշտ կլիներ՝ հաշվի առելով իրերի իրական դրությունը, բայց բոլորիս խնդիրն այսօր այն է, որ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ «Հայաստանի Հանրապետություն» անվամբ պետություն փաստացի է՛լ չունի գոյություն. Նիկոլը մեր երկիրը սարքեց աշխարհաքաղաքական «տրյապկա»՝ գցելով աշխարհի ոտքերի տակ, զրկելով լսելի լինելու շանսից:

Դիվանագիտությունը, ի գիտություն, Կոնջոյան Հայկոյի, ուժեղների զենքն է, բայց ոչ երբեք թույլերի, իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում, որի թիվ մեկ դիվանագետը Արաբատ-Օմեգան է, այն առհասարակ ավելորդ մի բան է դառնում, որի միջոցով Նիկոլն ընդամենը «կրուտիտի» շանս է ստանում՝ խաբելով թե՛ իրեն, թե՛ ժողովրդին:

Հայաստանը միջազգային արենայում կորցրել է լիարժեք երկրի իր երբեմնի իմիջը՝ զրկվելով լսելի լինելու որևիցե հնարավորությունից. այդ իմաստով Էրդողանը լիովին հասել է իր նպատակին՝ իր վասալ ՔՊ-ականների ձեռքով մեր երկիրը չուլ դարձնելով: