Պատմության մեծագույն հռետորների 10 լավագույն ելույթները (Մաս 2)


16:20 , 3 սեպտեմբեր, 2013

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 6. Ջոն Ֆ. Քենեդի. «Երդմնակալության ուղերձը»  

Ամսաթիվը` 1961  թ. հունվարի 20, վայրը` Վաշինգտոն

Սա Ամերիկայի պատմության մեջ արձանագրված երդմնակալության ամենաազդեցիկ ելույթներից է: Քենեդին չափազանց խելացի էր և ժիր: Նա իր ժամանակի ամենահայտնի մարդկանցից մեկն էր, սակայն շատերը կարծում էին, որ նա չափազանց երիտասարդ էր և անփորձ նախագահ դառնալու համար:  Նա իր ելույթում շոշափեց այս հարցը, ինչպես նաև ամերիկացիներին միասնականության կոչ արեց:  

Հատված.

«Կարո՞ղ ենք մենք հակառակորդների դեմ հզոր դաշինք կազմել, ինչը ավելի բարվոք կյանք կապահովի ողջ մարդկության համար: Դուք ևս կներդնե՞ք ձեր ջանքերը այդ գործում: Պատմության ընթացքում միայն մի քանի սերունդների է վստահվել հանուն ազատության պահպանման պայքար մղողի դերը: Ես չեմ խուսափում այս պարտականությունից: Ես սիրով ընդունում եմ այն: Չեմ կարծում, թե մեզնից որևէ մեկը կցանկանար այլ ժողովրդի կամ այլ սերնդի ներկայացուցիչ դառնալ: Այն էներգիան, հավատն ու նվիրումը, որով մենք ձեռնամուխ ենք եղել այս պայքարին, լույսով կողողեն մեր երկիրը և մեր երկրին ծառայողներին: Այսպիսով, իմ ամերիկացի համաքաղաքացիներ, հարցրեք` ոչ թե ինչ կարող է անել ձեր երկիրը ձեզ համար, այլ թե դո՛ւք ինչ կարող եք անել ձեր երկրի համար: Աշխարհի բնակիչներ, ձեզ թող հուզի ոչ թե այն, թե Ամերիկան ինչ կարող է անել ձեզ համար, այլ թե մենք բոլորով ինչ կարող ենք անել հանուն մարդկության ազատության»:

7. Էլիզաբեթ I. «Ընդդեմ իսպանական նավատորմի»

Ամսաթիվը`1588 թ. օգոստոսի 8, վայրը` Էսեքս, Անգլիա  

1500-ականներին Բրիտանիայի և Իսպանիայի միջև ճակատամարտ էր ընթանում: 1588 թ. Իսպանիայի արքա Ֆիլիպ II-ը մի քանի պատճառներ ուներ` Անգլիայի դեմ պատերազմ մղելու համար.  Էլիզաբեթն իր սահմանների ներքո վատ էր վերաբերվում կաթոլիկներին: Նա կարգադրել էր Ֆիլիպի դաշնակից և շոտլանդացիների թագուհի Մերիին գլխատել, ինչպես նաև աջակցել էր 1572 թ.-ին Վիլհելմի կազմակերպած ապստամբությանը: Ֆիլիպն ու ողջ իսպանական նավատորմը սլացան դեպի Անգլիա և 1588 թ.-ի հուլիսի 12-ին հասան հարավարևելյան ափին: Անգլիացիները պարտության մատնեցին իսպանական բանակին: Դրանից հետո Էլիզաբեթ թագուհին հանդես եկավ հետևյալ ելույթով: 

Հատված. «Իմ սիրելի ժողովուրդ, որոշ մարդիկ, ովքեր մտահոգվում են մեր ապահովության համար, խորհուրդ են տվել զգոն լինել դավաճանության վտանգից խուսափելու համար, սակայն ես չեմ ուզում կորցնել վստահությունս առ իմ հավատարիմ ժողովուրդը: Ինձ ծառայող մարդիկ նվիրված են և պատրաստակամ:  Ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի ապրեմ կամ մեռնեմ ձեզ հետ: Ես պատրաստ եմ արյունս տալ հանուն Աստծու, հանուն իմ թագավորության, հանուն իմ ժողովրդի: Ես գիտեմ, որ փխրուն կնոջ մարմին ունեմ, սակայն ես ունեմ նաև արքայի սիրտ, Անգլիայի արքայի սիրտ: Եթե Իսպանիայի կամ առհասարակ որևէ եվրոպական երկրի արքայազն որոշի նվաճել իմ երկիրը, ես ինքս զենք կվերցնեմ, ես ինքս կդառնամ ձեր հրամանատարը, դատավորն ու պարգևատրողը: Դուք արդեն իսկ ապացուցել եք, որ արժանի եք պարգևների: Մի կասկածեք, ձեր պարգևները չեն ուշանա»:

8. Ուինսթոն Չերչիլ. «Նրանց աստեղային ժամը»

Ամսաթիվը` 1940 թ. հունիսի 18, վայրը` Լոնդոն, Անգլիա

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ճակատամարտի ընթացքում Ուինսթոն Չերչիլը երեք հայտնի ելույթ ունեցավ: Երրորդը կրում է «Նրանց աստղային ժամը» անվանումը: Նա իր այս ելույթով հանդես եկավ այն բանից հետո, երբ Փարիզը նացիստների ձեռքն ընկավ, և ֆրանսիացիները զինադադար խնդրեցին: Բրիտանացիներն այդժամ միայնակ էին նացիստների դեմ, և Չերչիլը փորձեց հուսադրել բրիտանացիներին  այդ դժվարին պահին:

Հատված.

«Ֆրանսիայի ճակատամարտն ավարտված է: Ես հուսով եմ, որ Բրիտանիայի պատերազմը դեռ նոր է սկսվում: Այս ճակատամարտից է կախված քրիստոնյա բնակչության փրկությունը, դրանից է կախված մեր` բրիտանացիներիս կյանքը և մեր կայսրության շարունակականությունը: Հակառակորդը շուտով մեր դեմ է ուղղելու իր ողջ ուժն ու կատաղությունը: Եթե մեզ հաջողվի Հիտլերին դիմակայել, ամբողջ Եվրոպան ազատ կլինի, և կյանքն առաջ կընթանա ու կթևակոխի ավելի լուսավոր փուլ: Սակայն եթե մեզ չհաջողվի հաղթանակ նվաճել, այդ դեպքում ամբողջ աշխարհը, այդ թվում ԱՄՆ-ն, այդ թվում այն ամենը, ինչ մենք սիրում ենք, կընկղմվի մի նոր խավարչտին դարաշրջանի անդունդը: Այսպիսով, եկեք պատրաստակամորեն կատարենք մեր պարտականությունները և հիշենք, որ եթե Բրիտանական կայսրությունը հազարամյակներ գոյատևի, մարդիկ կասեն «Սա էր նրանց աստեղային ժամը»:

9. Աբրահամ Լինքոլն. «Գեթիսբերգի ուղերձը» (տեսանյութում ընթերցվում է Գրեգորի Փեքի կողմից)

 

Ամսաթիվը` 1863 թ. նոյեմբերի 19, վայրը` Գեթիսբերգ, Փենսիլվանիա

Գեթիսբերգի ուղերձը տևել է ընդամենը երեք րոպե, սակայն Սահմանադրության և Անկախության հռչակագրի հետ միասին այն կազմում է Ամերիկայի ազատության հիմնասյունը: Գեթիսբերգի ճակատամարտից չորս ու կես ամիս անց բավականաչափ գումար էր հայթայթվել` 8,000  ընկածների դիակները թաղելու համար: 1863 թ.-ի նոյեմբերի 19-ին Զինվորների ազգային գերեզմանոցում Լինքոլնը հանդես եկավ հետևյալ ելույթով.

«Մեր հայրերը այս նոր մայրցամաքի վրա բնակություն հաստատելով` սկիզբ դրեցին մի նոր ազգի, որը տոգորված էր ազատության գաղափարներով և հավատում էր, որ բոլոր մարդիկ հավասար են: Ներկայումս մենք քաղաքացիական պատերազմի մեջ ենք: Սա մի փորձություն է` միտված պարզելու` արդյոք այդ ազգը կամ որևէ ազգ կարող է երկար ժամանակ դիմակայել: Մենք ելել ենք մարտի դաշտ, որի զգալի հատվածը ստիպված ենք եղել տրամադրել իբրև մեր զոհերի վերջին հանգրվան: Նրանք տվել են իրենց կյանքը հանուն ազգի փրկության: Մենք այլևս չենք կարող թույլ տալ, որպեսզի նոր գերեզմանահորեր փորվեն այս հողի վրա: Մեր մարտիկները խիզախորեն կռիվ են տվել, և նրանցից ոմանք իրենց արյամբ են օծել այս հողը: Աշխարհը շատ շուտ կմոռանա մեր ասածները, սակայն ոչ նրանց սխրագործությունները»:

10. Մարտին Լյութեր Քինգ. «Ես երազանք ունեմ»


Ամսաթիվը` 1963 թ. օգոստոսի 28, վայրը` Լինքոլնի հուշահամալիր, Վաշինգտոն

Ամերիկան դեռևս մնում էր վտանգավոր վայր աֆրոամերիկացիների համար: Այստեղ սևամորթները ռասայական խտրականության զոհ էին դառնում: Այս բուռն շրջանում ծնունդ առավ մի հերոս, ով առաջնորդեց աֆրոամերիկացիներին սևամորթների և սպիտակամորթների միջև խաղաղության և հավասարության դարաշրջան: Մարտին Լյութեր Քինգը նախընտրում էր բողոքի խաղաղ արտահայտչաձևերը: Այս ելույթներից ամենահայտնին «Ես երազանք ունեմ» անվանումը ստացած ելույթն է: 

Հատված.

«Ես մի երազանք ունեմ. փափագում եմ, որ մի օր Ալաբամայում, որտեղ այսօր հանգրվանում են կատաղի ռասիստներ, փոքրիկ սևամորթ և սպիտակամորթ տղաներն ու աղջիկները ձեռք ձեռքի կտան հետ իբրև քույր ու եղբայր: Ես մի երազանք ունեմ այսօր: Փափագում եմ, որ մի օր ամեն մի հովիտ վեր ծառանա, և ամեն ժայռ ու լեռ ցած իջնի, խորդուբորդ և զառիթափ տեղերը հարթվեն: Մենք կկարողանանք հուսահատության լեռից հուսո քար ստեղծել»: