15:15 , 3 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եգիպտական ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռները սեպտեմբերի 3-ի առավոտյան մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Սինայի թերակղզու հյուսիսային հատվածի իսլամիստ գրոհայինների պատվարներին: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը՝ հղում անելով պաղեստինյան Maan գործակալությանը: Հարձակման են ենթարկվել Շեյխ Զուեյդ շրջանի թիրախները (գտնվում է Գազայի հետ սահմանից ոչ հեռու):
Հաղորդվում է, որ եգիպտական օդուժը ռմբակոծել է մի քանի տներ, գրոհայինների խմբեր ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև հրթիռների և այլ սպառազինությունների պահեստներ: Նախնական տվյալներով՝ թիրախների կողմն է ուղղվել առնվազն 13 հրթիռ: Հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի ու վիրավորների մասին:
Եգիպտոսի ՆԳՆ-ն միջազգային ԶԼՄ-ներին հայտնել է, որ Սինայում ձերբակալվել են երկու սալաֆիներ, որոնք կապ ունեն իսրայելական հրթիռակոծումների հետ:
Եգիպտական բանակում ընդգծում են, որ այդ օդային օպերացիան իր տեսակի մեջ խոշորագույնն է Սինայի թերակղզում: Բանակային հրամանատարությունում նշում են, որ ահաբեկչական խմբերի ոչնչացման լայնամասշտաբ օպերացիան շարունակվում է: