Ռիչարդ Մուրը «քաղցրացնում է կենացները»


18:00 , 17 դեկտեմբեր, 2022

Ռիչարդ Մուրը «քաղցրացնում է կենացները»

Ադրբեջանը փորձագիտական շրջանակների միջոցով իր իրական մտադրությունները բացահայտելուն զուգահեռ գործի է դրել նաև պաշտոնական խոսափողը՝առանձին պատգամավորների շուրթերով փորձելով,ըստ էության, ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ստանալու կա՛մ Արցախի մնացյալ հատվածն ու փակել թեման,կա՛մ հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

Մասնավորապես՝ Ադրբեջանի խորհրդարանի նիստին պատգամավոր Ռազի Նուրուլլաեվը հարց է բարձրացրել՝ եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ իրենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տան ազատ անցնել: Բայց Նուրուլլաեվը որոշել է հեռուն գնալ ու հայտարարել է, որ Հայաստանի հետ «սեպարատիստների» ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար պետք է պահանջել ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում, քանի որ ըստ ադրբեջանցի պատգամավորի, այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է՝ խաղաղության գործընթացին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքն արգելափակած մարդիկ, որոնք ներկայանում են իբրև էկոակտիվիստներ, մտադիր են շարունակել իրենց ակցիաները, մինչև չկատարվեն առաջ քաշված պահանջները, ինչը նշանակում է, որ ավելի վաղ տարածված այն լուրերը, որ կարճ ժամանակ անց Լաչինի միջանցքը բացվելու է, խիստ լավատեսական դուրս եկան. բացի այն,որ Ադրբեջանը փակ է պահում Արցախի կյանքի ճանապարհը, դեռ մի բան էլ ՀՀ ՊՆ-ն է այս օրերին անընդհատ ստիպված լինում հերքել ադրբեջանական կողմից տարածվող այն ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինուժը կրակ է բացում սահմանի տարբեր հատվածներում՝ երևույթ, որ թեպետ նոր չէ, բայց առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում:

Ի՞նչ է անում Ադրբեջանը: Ադրբեջանը, ստանալով իր արտասահմանյան կուրատորների աջակցությունը (ասում են այդ կուրատորներից մեկն էլ MI6-ի Ռիչարդ Մուրն է, որին այս օրերին Երևանում հանիդիպել է Նիկոլը, իսկ դրանից առաջ էլ՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենն էր տեսակցել՝ երկրից դուրս գտնվելով), Մոսկվայից իր ստանալիքն է փորձում կորզել՝ փաստացի շանտաժի ենթարկելով: Ցավն այն է, որ նույն ՌԴ-ում կան բավական ազդեցիկ ուժեր, որոնք ոչ միայն դեմ չեն միջանցքին,այլև դրա ջերմեռանդ լոբբիստներն են՝ ելնելով ոչ այնքան ՌԴ ազգային, որքան բացառապես սեփական նեղկլանային շահերից:

Ադրբեջանի պահանջը ՌԴ-ից հետևյալն է՝ կա՛մ զիջել Արցախի մնացյալ հատվածն ու հեռանալ, կա՛մ պահպանել ստատուս-քվոն, բայց բացել Մեղրիով միջանցք: Ընդ որում՝ ադրբեջանցիները վստահ են, որ թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակի իրագործման հարցում չեն հանդիպելու Հայաստանից որևիցե էական դիմադրության, քանզի իրենցն է Նիկոլը՝ թավ թրաշի տակ ծպտված: