Խաչատրյան Արմենի անիրատեսական ցանկությունը


16:36 , 17 դեկտեմբեր, 2022

Խաչատրյան Արմենի անիրատեսական ցանկությունը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը սեփական տեսլականով է կիսվել՝ կապված Լաչինի միջանցքի և, առհասարակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ հայտարարելով, որ եթե ռուսական կողմը ունեցած մանդատով չի կարողանում պատշաճորեն կատարել իր պարտականությունները, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել:

Խաչատրյան Արմենի գաղափարը,իհարկե, վատագույններից չէ, իսկ եթե ավելի անկեղծ, ապա, իհարկե, դա լավ տարբերակ է: Ուղղակի խնդիրն այն է, որ գոյություն ուեն հարցեր, որոնց պատասխանները կարող են ոչ այնքան գոհացնող լինել մեզ համար:

Նախ աներկբա է, որ միայն հայկական կողմի բարի ցանկությամբ չէ, որ կարող է լուծվել ռուս խաղաղապահներին ավելի լայն մանդատով օժտելու կամ նրանց կոնկրետ միջազգային կարգավիճակ տալու հարցը.Ադրբեջանն ակնհայտորեն դեմ կլինի դրան: Հետո կա նաև աշախարհաքաղաքական այն դաժան իրողությունների գործոնը, որի պատճառով էլ, խոշոր հաշվով, եփվել է այս տարածաշրջանային շիլափլավը, և մի տեսակ անհավատալի է թվում, որ ի սեր արցախահայերի նույն Արևմուտքը կընդունի հայկական կողմի առաջարկը՝ պրակտիկորեն հավերժացնելու ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումն Արցախում՝ հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ նրանց խնդիրը Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելն է, այլ ոչ թե հակառակը: Մյուս կողմից՝ շատ մեծ հարց է նաև հենց հայկական կողմում իշխող տրամադրությունների խնդիրը: Իսկ ո՞վ է ասել, որ նույն MI6-ը, որի ղեկավար Մուրին Նիկոլն ընդունել էր այս օրերին, թույլ կտա նրան նախաձեռնություն հանդես բերել ու բարձրացնել ռուսների շահերից բխող այդ հարցը: Չկա նման երաշխիք, ավելին՝ Նիկոլն արդեն իսկ ապացուցել է, որ առավելապես նվիրված է Արևմուտքին, քան Հյուսիսին՝ առաջ տանելով կոնկրետ թուրքական օրակարգը: Եվ վերջապես չկա ոչ մի երաշխիք, որ նույն Ռուսաստանն ինչ-որ պահի կամ ինչ-որ իրավիճակում ինքը ցանկություն չի հայտնի Արցախի մնացյալ մասն էլ տալ թուրքերին այն դեպքում, եթե մեկ այլ ճակատում նույն Թուրքիայի կամ անգամ Արևմուտքի հետ հաջողվի հասնել այնպիսի համաձայնության, որի կյանքի կոչման համար Արցախից հեռացումն այդքան ցավոտ չի լինի Մոսկվայի համար:

Որպես այլընտրանք կարող էր հանդես գալ այստեղ միջազգային խաղաղապահներին ներգրավելու տարբերակը՝ նույն ՄԱԿ-ի մանդատով, բայց նախ՝ ոչ ոք չի երաշխավորում, որ նույն այդ միջազգային հանրությունը կցանկանա գետնի վրա թաթախվել այս խնդրում՝ ստանձնելով պատախսանատվության մեծ բեռ, ապա՝ կա նաև նույն Իրանի գործոնը, որը, ինչպես հայտնի է, դեմ է հանդես գալիս տարածաշրջանում արևմտյան զորքերի ներկայութանը ցանկացած տեսքով՝է՛լ չասած ՌԴ-ի մասին, որը կնախընտրի Արցախն էլ, գուցե նաև Հայաստանն էլ հետը հանձնել թուրքերին, միայն թե արևմտյան զորքերը չհայտնվեն ասենք Դերբենտի դարպասների մոտակայքում. Թուրքիան ու Ադրբեջանը ՌԴ-ի համար շատ ավելի նախընտրելի գործընկերներ են այս փուլում, քան ասենք Կանադան կամ Նոր Զելանդիան: