19:00 , 3 սեպտեմբեր, 2013
Ե՞րբ ես ծնվել, որտե՞ղ և ո՞վ ես մասնագիտությամբ:
1978թ., քաղաք Վանաձոր, մասնագիտությամբ` լրագրող:
Ե՞րբ որոշեցիր, որ պետք է սկսես գրելը:
Web 2,0 նոր էր ասպարեզ եկել` 7 տարի առաջ երևի, սա հնարավորություն էր ամբողջ աշխարհին հայտնել քո կարծիքը առանց միջնորդի: Հետագայում հասկացա, որ նաև շատ կարևոր է խելքը գլխին բան ունենալ ասելու համար:
Ե՞րբ ես բացել բլոգդ:
7 տարի առաջ «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ասաց. «Հերիք է տրադիցիոն ռադիոլրագրությամբ զբաղվել, ինտերնետը վաղվա օրն է, պետք է զարգացնես մեր ընկերության քաղաքականությունը համացանցում»: Պատմական օր էր:
Ի սկզբանե ինչի՞ն էիր միտված այն ծառայեցնել:
Մարդկանց, մեր ամբողջ աշխատանքը մարդկանց համար է արվում: Եթե չկաս պատշաճ կերպով համացանցում, ուրեմն ռեալ կյանքում նույնպես չկաս:
Ինպիսի՞ն կլիներ հայկական բլոգոսֆերան առանց Արման Սուլեյմանյանի:
Օ՜յ, դուք ինձ ամաչեցնում եք, մի րոպե սառը ջրով լվացվեմ` կարմրությունս անցնի: Վերջ, եկա հետ, ուրեմն` չէր լինի խելագար մտքերի կրող, բոլորի գործողությունը կասկածի տակ դնող, իր աշխատանքի և հանդիպումների 80%-ը համացանցում չտեղադրող ևս մեկ լրագրող: Իսկ ամենասարսափելին այն է, որ դա ոչ ոք չէր նկատի:
Եզակի բլոգեր-լրագրողներից ես, ովքեր չեն ալարում մինչև վերջ խորանալ խնդիրների մեջ ու նոր են միայն հոդված պատրաստում: Կարո՞ղ է մի օր դու էլ անցնես արդեն ավանդական դարձած հոդված գրելու տարբերակին:
Դա ճոխություն է, որը ես ինձ չեմ կարող թույլ տալ: Պրոֆեսիոնալ լրագրողը նա չէ, ով լավ է աշխատում, այլ նա, ով չի կարողանում պարզապես վատ աշխատել: Ես երջանիկ եմ, քանի որ երկու տնօրենս էլ ինձ չեն վարձատրում ռեպորտաժների քանակով: Նրանք նույնպես անտարբեր են իմ թեմաների ընտրության հանդեպ: Նրանք վստահում են ինձ: Ինչպե՞ս կարելի է չարաշահել այսպիսի աշխատանքային պայմանները: Այո, ես «ամենահաբռգած» պայմաններում աշխատող լրագրողներից եմ. ազատ, անկաշկանդ, առանց դեդլայնի, առանց պլանի, առանց պրեսսինգի: Մի՞թե սա չէ մասնագիտական երջանկությունը:
Հայկական բլոգոսֆերայում քեզ համար ամենահետաքրքիր 5 բլոգերները:
Shur, Kornelij, Puertto, Ibigdan, Tina Kandelaki
Գրառումներիդ պատճառով խնդիրներ ունեցե՞լ ես:
Չկան հիմարներ, ովքեր սափրագլուխ լրագրողի հետ կուզենան հարցեր ունենալ, չէ՞ որ նա 110 կգ է և միշտ լավ մարզավիճակում: Իսկ եթե լուրջ, ապա ես մաքուր եմ աշխատում, միշտ ջնջում եմ այն ձայնագրությունները, որոնք կարող են վնասել առանձին մարդկանց արժանապատվությանը: Խիստ քննադատական դիրքորոշումս, որպես կանոն, շատ հաճախ, նախապես հայտնում եմ Offrecord ֆորմատով հասցեատերերին:
Ե՞րբ ես գրանցվել Ֆեյսբուքում և ինչո՞ւ:
Երևի 5 տարի առաջ էր: Նոր էր, ու ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ Ֆեյսբուքը քեզ առաջարկում է ընկերներ հավաքել իսկապես քեզ տեսուճանաչ մարդկանց մակարդակով, այլ ոչ թե անծանոթների սկզբունքով, ինչպես որ Օդնոկլասնիկն է:
Կա՞ն Ֆեյսբուքում օգտատերերի տեսակներ, որոնք քեզ նյարդայնացնում են:
Չէ, անմիջապես բլոկ եմ անում:
5 բան առանց որոնց Ֆեյսբուքը շատ ավելի լավ վայր կլիներ «ապրելու» համար:
Սփամերներ, նկար ճպցնող աղջիկներ, դեղին մամուլ, լայք մուրացկաններ, քաղաքական էջեր:
Քեզ համարո՞ւմ ես համացանցի զոհ:
Ինչ-որ չափով այո, չնայած վերջերս բնավորություն եմ սարքել ազատ օրերին պարզապես չմիացնել համակարգիչը:
Ո՞վ է քեզ համար հեղինակություն:
Ցանկացած մարդ, ով ապրել է բարդ և փորձություններով լի կյանք, և ով ցանկացած երևույթ մեկնաբանում է սեփական փորձի դետալները մեջբերելով: Շատ են այդպիսի մարդիկ:
Blocklist-իդ մեջ շա՞տ մարդ կա:
Ընկերներից շատ :)
Ֆիլմ, երգ, գիրք, որին ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի:
One Flew Over the Cuckoo`s Nest ֆիլմը, ամեն ինչ կա այնտեղ:
Հաճա՞խ ես մասնակցում հասարակական բողոք-ակցիաներին:
Բավականին հաճախ: Առանց դրա անիմաստ է գրել լավ հոդված:
Հավատո՞ւմ ես, որ քաղաքացիական բողոքի ակցիաները ծառայում են իրենց նպատակին:
Իհարկե հավատում եմ, այլ հարց է, թե հանգուցալուծումը ինչպիսին կլինի:
Հավատո՞ւմ ես, որ վաղը լավ է լինելու:
Ամուսինը և երկու երեխաների հայրը չի կարող չհավատալ, այլապես ընտանիքի անդամների ոտքերի տակի հողը խարխուլ կլինի:
Ի՞նչ պայմանով կհամաձայնեիր փողոցում գոռալ՝ «Ալեքսանյան` բարերար»:
Շատ հաճախ, կանտուզիա տարած մարդու ուղեղը ետաճ է ապրում: Մարդը գնալով մանկամիտ է դառնում և վերջում մահանում է: Էն, որ արդեն 2-3 տարեկանի խելք մնա, կարելի է սովորեցնել արդեն: Կանտուզիան ու սովորեցնելը Ձեզնից:
Գերբնական ի՞նչ կարողություն կցանկանայիր ունենալ:
Կցանկանայի հավատ ունենալ, որ հայ պաշտոնյան կարող է ուղղվել:
Ո՞վ կամ ի՞նչը կարող է քեզ նյարդայնացնել:
Մարդկային անտարբերությունը: Մարդկանց այս հատկությունը ինձ իսկապես հունից հանում է:
Ինչպիսի՞ գրառումներ երբեք չես կարդում:
Եթե չեմ կարդում, ինչպե՞ս ասեմ` ինչպիսի գրառումներ չեմ կարդում:
Ի՞նչ իրավիճակում ամենաքիչը կցանկանաս հայտնվել:
Եթե Աստված ուզենա ինձ պատժել, ապա պետական մարմնի շարքային աշխատակից կսարքի: Ես ինքս շուտով կմեռնեմ:
Ո՞րն է եղել կյանքիդ ամենաերջանիկ պահը մինչ այսօր:
Երեխաների լույս աշխարհ գալու հետ ոչ մի բան չի կարող համեմատվել կյանքում: Սա հնարավորություն է նորից վերապրել քո սեփական կյանքը` մի քիչ այլ անկյան տակ:
Ի՞նչ թեմայով չի կարելի կատակել Արման Սուլեյմանյանի հետ:
Չկա այդպիսի թեմա, կարևորը որ համով լինի:
Ի՞նչ ես արգելում որդուդ:
Դաստիարակությունը անիմաստ գործ է: Երեխաները, միևնույն է, կրկնում են Ձեր բոլոր արարքները: Դրա համար զբաղված եմ իմ դաստիարակությամբ, որպեսզի իրեն բան չարգելեմ:
Մեր երիտասարդների մեջ ի՞նչը քեզ դուր չի գալիս:
Եթե անկեղծ պատասխանեմ, ապա կդառնամ փնթփնթան բիձա: Չեմ ուզում փնթփնթան բիձա լինել, առանց էն էլ մի շաբաթ առաջ 20-25 տարեկան տղա փողոցում ասաց. «Ձյաձ ջան, կրակ կա՞ մոտդ»: Մինչև հիմա հոգեբանի մոտ եմ գնում:
Պատկերացրու, թե երկրում բացարձակ իշխանություն ես ստանում: Ի՞նչ կանեիր առաջին հերթին:
Բոլորին զենք կտրամադրեի ու մի 20 տարի հետո քաղաքակիրթ քաղաքացիական հասարակություն կունենայինք:
Մարդկանց չխանգարելու օրենսդրություն կընդունեի, որը միտված կլիներ բոլոր ոլորտներում հայտնաբերել և վերացնել մարդկանց նորմալ կյանքին խանգարող հանգամանքները:
Ի՞նչ գիրք ես հիմա ընթերցում:
Elif Shafak “Forty rules of Love”
Որո՞նք են բնավորությանդ թույլ և ուժեղ կողմերը:
Կամք ունեմ, ուժ ունեմ, իսկ կամքի ուժ չունեմ:
Ի՞նչը կարող է քեզ զարմացնել: Իսկ ինչը՞` ոչ:
Ինձ ամեն ինչ զարմացնում է, առանց զարմանալու ունակության լրագրությունը անիմաստ գործ է, առանց զարմանալու ունակության դու պարզապես դառնում ես ամենագետ հարբեցող, քանզի քեզ համար այլևս գաղտնիքներ չկան այս կյանքում:
Արտագաղթելու մտքեր ունենո՞ւմ ես:
Ունենում եմ և փորձում եմ խորտակել նրանց օղու մեջ, բայց այդ տականք մտքերը վերջերս սովորել են լողալ:
Հայտնի կապույտ 04-դ դեռ վարո՞ւմ ես:
Իհարկե, այդ մեքենան հիշողությունների տոպրակ է: Չեմ փոխելու, քանի դեռ լսում եմ այս արտահայտությունը. «Ախպեր, չի դզում, խի՞ չես ավտոդ փոխում, ամոթ ա»: