«Փարաջանով» ֆիլմը՝ Ուկրաինայի կողմից «Օսկար» մրցանակի հավակնորդ. Տեսանյութ


14:24 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի օսկարյան հանձնաժողովն առանձնացրել է 3 ֆիլմ, որոնք կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Ուկրաինայի կողմից ներկայացվելիք հավակնորդ ֆիլմի ընտրական փուլին:

Դրանք են՝ Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ», Սերժ Ավետիքյանի (Ֆրանսիա) և Ելենա Ֆետիսովայի (Ուկրաինա) «Փարաջանով» և ռեժիսոր Ահտեմ Սեյտաբլաևի «Հայթարմա» ֆիլմերը: Այս մասին հայտնել է «Ուկրաինայի պրոդյուսերների ասոցիացիան», որին կից ստեղծվել է ազգային օսկարյան հանձնաժողովը՝ փոխանցում է vchaspik.ua-ն:

«Փարաջանով» ֆիլմն ուկրաինական վարձույթ դուրս կգա 2013-ի սեպտեմբերի 26-ին: Այնուհանդերձ, ֆիլմն այս տարվա հուլիսին անցկացված Օդեսայի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես լավագույն ուկրաինական ֆիլմ:

Ուկրաինայի օսկարյան կոմիտեն ծրագրում է սեպտեմբերի 12-ին հայտարարել «Օսկար» մրցանակին Ուկրաինայի կողմից հավակնող ֆիլմի անվանումը:

86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2014-ի մարտի 2-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում: