Հովհաննսիյան Արթուրի հեքիաթները


14:22 , 12 դեկտեմբեր, 2022
Արձագանքելով այն՝ ոչ անհիմն տեսակետին, որ ուժային կառույցներին վերաբերող առաջիկա փոփոխություններն իրականում ոչ այլ ինչ են, քան հստակ փորձ՝ Հայաստանում ուժեղացնելու սուպերվարչապետական ռեժիմը՝ ՔՊ-ական Հովհաննսիյան Արթուրը հայտարարել է՝ սուպերվարչապետական համակարգ չլինելու գլխավոր երաշխիքը փոխզսպման մեխանիզմներն են՝ վստահեցնելով, որ կան գործիքակազմեր, որոնք կարող են Հայաստանը դարձնել ոչ թե սուպերվարչապետական, այլ «սուպերընդդիմական»: ՔՊ-ականը հերքել է ընդդիմության մեղադրանքներն ու վստահեցրել, որ այդ ամենով իրենք նպատակ ունեն առողջացնել ինստիտուտները, բարձրացնել ներքին անվտանգության աստիճանն ու քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցել:

Հովհաննիսյան Արթուրի լոլոները, իհարկե, հեքիաթի ժանրից են, քանի որ ձգտումը՝ երկիրը սարքելու բացառապես սեփական ձեռքի խաղալիք, միմիայն պայմանավորված է սեփական վերարտադրության ու նաև անվտանգության վերաբերյալ այն մտահոգություններով, որ ունի Նիկոլը: Ինչի՞ց է նա վախենում: Խնդիրն այն է, որ Նիկոլի հայակործան առաքելությունը դեռ իր լրմանը չի հասել, դեռ թուրքերի հետ բանավոր պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի չեն կոչվել: Նիկոլը շատ լավ հասկանում է, որ փախչելու տեղ ուղղակի չունի, ու այսպես թե այնպես նրա հետևից գալու են թուրքերը՝ ստանալու խոստացածը: Եվուրեմն՝ Նիկոլի խնդիրն է այնպիսի համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի իր վարչապետությունը նույնիսկ այն դեպքում, եթե պետության կեսը հանձնի թուրքերին: Այսինքն՝ ոչ մի ծառայությունների որակի բարձրացման, պետության ամրապնդման կամ արդյունավետության բարձրացման մասին խոսք անգամ չկա, այլ բացառապես լուծվում են նեղանձնային խնդիրներ՝ մի կողմից հակազդելու ընդդիմությանը, մյուս կողմից՝ ներքին պայքարում չնահանջելու, իսկ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում էլ՝ կրկին անգամ հաղթանակ տոնելու:

Բայց գլխավոր շահառուն, իհարկե, դառնալու են թուրքերը. նրանց պետք է կազմաքանդված, բռնատիրական Հայաստան՝ ներկայումս տնորինվող տարածքի կեսից էլ պակաս տերիտորիայով՝ տեսլական, որի հետևից էլ գնում է Նիկոլը: