Լֆիկ Սամոյին աջակցող կինը հավանաբար աղանդավոր է


13:20 , 3 սեպտեմբեր, 2013

«Չենք լռելու» նախաձեռնությունը հրապարակել է մի տեսանյութ (տես ստորև), ուր ինչ-որ մի Գայանե Նաջարյան նելսոնստեփանյանական քաջությամբ ու պատրաստակամությամբ պատրաստ է «դոշ դեմ տալու» հանուն Սամվել Ալեքսանյանի (քաջահայտ Լֆիկ): Չգիտես` ծիծաղե՞ս, լաց լինե՞ս, զայրանա՞ս, թե՞ ուղղակի համարես այս կնոջ վարմունքն օրինաչափ ներկայիս հայաստանյան իրականության պայմաններում... Սա ցավալի երևույթ չէ, սա կատաստրոֆա է... Անկեղծ չգիտեմ` ով է այս կինը, բայց կարող եմ ենթադրել, որ նախ աղանդավորական որևէ հոսանքի ներկայացուցիչ է (ուշադրություն դարձրեք խոսքի մեջ կիրառած բառապաշարին, որ հատուկ է աղանդավորներին) և երևի հանդիսանում է Լֆիկի աշխատողներից մեկը: Չես կարող մարդուն մեղադրել, կշեռքի մի նժարին սեփական արժանապատվությունն է, մյուսին` օրվա հացը, ու նա զոհում է արժանապատվությունը հանուն իր, իր ընտանիքի, զավակների օրվա հացի: Փաստորեն Հայաստանում մասնավոր սեկտորի որևէ մեկ աշխատող անձ իրավականորեն պաշտպանված չէ, ու որևէ գործատու կարող է սեփական շահերին ծառայեցնել իր աշխատողներին` ընդհուպ այսկերպ ստորացուցիչ ձևերով: Ի՞նչ է կատարվում, լավ, բա ո՞ւր մնացին իրավական պետության սահմանադրական հոդվածը, ապահով Հայաստանի մասին կարգախոսներն ու խոստումները... Սա է այդ ամենի իրական դեմքը... Նույնիսկ թուրքական բռնակալների մոտ նման վերաբերմունք սեփական հպատակների նկատմամբ չի եղել, ուր մնաց համեմատվել Աստծո հետ: Իսկ ի՞նչ շահեց այս կինը` պարգևավճա՞ր, թե՞ իր նորահայտ «աստծո» բարի ժպիտը: Բայց եթե ավելի խորը նայենք հարցին, դրական միտում էլ կա... Եթե Լֆիկը սկսել է այս կերպ գործել, ուրեմն հաստատ իրարանցման մեջ է, ուրեմն հաստատ վախենում է հասարակական զայրույթից ու զգում է, որ ինչ-որ բան իր մոտ վտանգի տակ է դրված .... այլապես տարիներ շարունակ հանրային կարծիքի վրա թքած ունեցող օլիգարխը սեփական աշխատողներին ճորտի կարգավիճակում չէր ստիպի այս կնոջ նման հայտարարություններ անելու: Երևի զգում է, որ եվրոպականացման ճանապարհին ուզեն թե չուզեն իր հովանավորները հնարավոր է իրեն «զոհեն» հանուն «Ժողովրդավար Հայաստան» տրագիկոմեդիայի: