Մինչև տարեվերջ նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների մեկնարկ և Ալիջանի սահմանային անցակետի բացում․ «Հուրրիյեթ»


17:51 , 8 դեկտեմբեր, 2022

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթների մեկնարկից հետո այժմ կողմերը մտադիր են ազդարարել օդային բեռնափոխադրումների մեկնարկը։

Թուրքական «Հուրրիյեթ»-ի տեղեկություններով՝ կողմերը քննարկում են Ալիջանի սահմանային անցակետը բացելու հարցը։

Առևտրային բեռնափոխադրումներն սկսելու համար աշխատանքներն արդեն ավարտվել են, դրանք կմեկնարկեն տարեվերջին։ 

Այսպիսով, այն թուրքական ապրանքները, որոնք Վրաստանի տարածքով ներմուծվում ու վաճառվում էին Հայաստանում, կկարողանան ուղղակիորեն ներմուծվել օդային ճանապարհով։

Նախատեսվում է նաև բացել Ալիջանի սահմանային անցակետը՝ վերանորոգելով 128 մետր երկարություն ունեցող կամուրջը։ Սահմանային անցակետի բացումից հետո երրորդ երկրների քաղաքացիները երկու երկրների սահմանը կկարողանան հատել անարգել։

Տեխնիկական աշխատանքներ են տարվում նաև ուղիղ առևտուր սկսելու ուղղությամբ։