ՀԱՊԿ-ի գարշահոտը և Հայաստանի ինքնախաբեությունը


12:00 , 3 սեպտեմբեր, 2013

ՀԱՊԿ-ի գարշահոտը և Հայաստանի ինքնախաբեությունըYerkir.am-ը գրում է.

Բաքվում օգոստոսի 13-ին կայացած` Ադրբեջանի և ՌԴ նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև դրամաշրջանառությունը 4 անգամ ավելի մեծ է, քան նշվում է մամուլում, և հասնում է մոտավորապես 4 մլրդ դոլարի: Այդ ցուցանիշով Ադրբեջանն այսօր ռուսական զինտեխնիկայի` հինգ ամենախոշոր գնորդ երկրներից մեկն է:

Հայտարարությանը Վլադիմիր Պուտինը որևէ կերպ չարձագանքեց, ինչով հաստատեց ներկայացված տեղեկատվությունը, այսինքն` այն, որ իրականում Հայաստանի ռազմավարական գործընկեր և ՀԱՊԿ շրջանակում դաշնակից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև զինտեխնիկայի առքուվաճառքի ծավալները մի քանի անգամ գերազանցում են այն պատկերացումները, որոնք առկա են Հայաստանում:

Պուտինի այցին անմիջապես հաջորդեց Գաբալայում կազմակերպված թյուրքալեզու պետությունների`Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների գագաթաժողովը: Դրա ավարտին ստորագրվեց համատեղ մի հայտարարություն, որի 13-րդ կետում նշված է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային անվտանգությանը խոչընդոտող գլխավոր գործոններից մեկն է: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կողմ է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված ցանկացած քայլի` պայմանով, որ դրանք ենթադրեն Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանում»: Փաստաթուղթն էությամբ ամբողջությամբ հակասում է բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներին: Այստեղ շեշտը դրված է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման վրա` անտեսելով մյուս, այդ թվում` նաև ժողովուրդների ինքնորոշման մասին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, որոնց համահավասարության վերաբերյալ ամեն տարի համատեղ հայտարարությամբ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարները: Այլ կերպ ասած` Գաբալայում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը հակադրվում է ԼՂ կարգավորման այն տրամաբանությանը, որով առաջնորդվում է միջազգային հանրությունը:

Բայց փաստաթղթի «հմայքը» դա չէ, այլ այն, որ ստորագրվել է նաև Ղազախստանի ու Ղրղզստանի` ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի երկու«դաշնակից» երկրների նախագահների կողմից: Փաստորեն, գրեթե միաժամանակ այդ կազմակերպության 6 անդամ պետություններից երեքը բացահայտ կերպով խախտեցին կազմակերպության հիմնարար փաստաթղթի`1992թ. Տաշքենդում ստորագրված կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 1-ին կետը, որը անդամ պետություններին ուղղակի արգելում է դիմել դաշնակից երկրների շահերին հակասող գործողությունների: Նրանցից երկուսը` Ղազախստանն ու Ղրղզստանը, փաստորեն, քաղաքական իմաստով նախապատվությունը տվեցին Ադրբեջանի և, հատկապես, Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանը, կովկասյան և միջինասիական գոտիներում թուրքականության գործոնի հնարավորինս ուժեղացմանը, իսկ Ռուսաստանն ավելի բարձր գնահատեց Ադրբեջանի հետ ներկայումս ծավալվող զինտեխնիկայի խոշորամասշտաբ առևտուրը: Եվ չնայած բնական է, որ այս երկրներից յուրաքանչյուրը առաջնորդվում է իր մասնավոր քաղաքական կամ տնտեսական հետաքրքրություններով, սակայն փաստն այն է, որ նրանք դա անում են մի կազմակերպության ընդհանուր շահերի ու դրա անդամ պետությունների ներքին պայմանավորվածությունների, հարաբերությունների հաշվին, որի հետ է Հայաստանը կապել իր արտաքին անվտանգության ապահովումը: Նման պարագայում ոչ միայն ավելորդ է դառնում խոսել փոխադարձ վստահության, այլև կազմակերպության լրջության մասին` առհասարակ:

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, սակայն, որ Ռուսաստանի բիզնես հետաքրքրությունները որևէ կերպ չեն հակասում Ղազախստանի կամ Ղրղզստանի քաղաքական հետաքրքրություններին, նույնիսկ ինչ-որ իմաստով համընկնում են: Մեծ հաշվով այս երկրները ՀԱՊԿ-ի համատեքստում իրար միջև խնդիրներ չունեն: Բայց ստացվում է այնպես, որ նրանց բոլորի գործողությունները հակադրվում են Հայաստանի շահերին, և կամա, թե ակամա ստացվում է, որ այդ շահերը պաշտպանվում են ոչ այնքան ՀԱՊԿ-ի, որքան հենց, առանձին վերցրած, Հայաստանի անվտանգության հաշվին: Դա ինքնին ցուցիչ է այն բանի, թե իրականում կազմակերպության անդամ երկրները որքանով են լուրջ են վերաբերվում Հայաստանին` իբրև գործընկերոջ: Եվ այլևս օրակարգային է դառնում հարցը, թե որքանով կարելի է ընդհանրապես ՀԱՊԿ-ին` որպես կազմակերպություն, վերաբերվել իբրև Հայաստանի անվտանգության առանցքային միավորի և դրա վրա ինչ-որ ստատեգիական պլաններ կառուցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ