ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարել ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագծի ստորագրումը


19:37 , 5 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում:

 
«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստան է ուղարկվել մոնիթորինգային առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում մշակվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է անվտանգության խորհրդի նոյեմբերի 23-ի նստաշրջանում: ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով այդ նախագիծն ընդունել չհաջողվեց:

Հուսով եմ, որ որոշակի լրամշակումից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և համապատասխան միջոցների ձեռնարկմանը։Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում ՝ Հայաստանի համար»,- ընդգծել է Զասը:

 
Զասը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա խոսքով՝ չնայած ՀԱՊԿ անդամ երկրների անհամապատասխան գնահատականներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը բախվում է ռիսկերի և սպառնալիքների:

 
«Այդ իսկ պատճառով մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու վեց կետանոց միջոցառումների համալիր, որը հավանության է արժանացել բոլոր պետությունների կողմից, սա միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է», - պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։