Ալիևը սրում է յաթաղանը


14:19 , 3 դեկտեմբեր, 2022
Հայտն է դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Փաստի առնչությամբ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»:

Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է սադրել հայերին, ստեղծել հիմքեր՝ կրկին թեժացնելու իրավիճակը սահմանին, իսկ պլան մաքսիմումի հաջողության դեպքում առհավետ փակել Արցախի հարցը՝ այն կատարյալ անկլավի վերածելով: Ուշագրավը, սակայն, այստեղ առավելապես այն է, թե երբ է տեղի ունենում այս ամենը. Լավրովի վերջին հայտարարությունների ու Ռիքերի երևանյան այցի ֆոնին է Ալիևը որոշել սրել յաթաղանը, ինչը չի կարող պատահականություն լինել: Իլհամին Լավրովի՝Ալմա-Աթային արված հայտնի հղո՞ւմն է ոգևորել, թե՞ ամերիկացի դիվանագետի այցը Երևան, իսկ գուցե Ֆրանսիայում ուրոշակի հայանպաստ պրոցեսների յուրատեսակ արձագանքն է տեղի ուենցողն ու խմորվողը:Այս պահին դժվար է միանշանակ որևիցե պնդում անել, բայց այն, որ իրավիճակի հնարավոր սրումն ու ռազմական սցենարը կարող է իրականություն դառնալ բացառապես առնվազն ուժային կենտրոններից գոնե մեկի թողտվության դեպքում, անքննարկելի է՝ նկատի ունենալով գերտերությունների ներգրավվածության մակարդակն ու տարածաշրջանային շահերը՝ Կովկասում: