Հայաստանը ներսից ու դրսից աղետի մեջ է, ի՞նչ տոնական տրամադրության մասին կարող է խոսք լինել


18:09 , 2 դեկտեմբեր, 2022

Ձմեռ պապին

Փորձելով ինչ-որ կերպ արդարացնել Երևանի պատմամշակութային արժեք ունեցող շինությունների վնասման գնով կատարվող աշխատանքները՝ լուսավորելու, իբր տոնական տրամադրություն հաղորդելու քաղաքին՝ Ավինյան Տիկոն ասել է.«Մենք տևական ժամանակ է՝ քաղաքում չունենք տոնական տրամադրություն, և կարծում եմ, որ ինքներս մեզ, մեր երեխաներին պարտք ունենք՝ վերադարձնելու տոնական տրամադրությունը»:

Ավինյան Տիկոյի ճակատագրական սխալը տվյալ պարագայում այն է, որ քաղաքապետացուն կարծում է, թե Երևանին, երևանցիներին կամ առհասարակ երկրին տոնական տրամադրություն կարելի կլինի հաղորդել ընդամենը ինչ-որ լույսեր վառելով, քաղաքը տոնական լուսավորելով կամ տոնածառը շքեղ զարդարելով: Իրականությունն այն է, որ Ավինյան Տիկոն ինչ էլ անի, որքան էլ փող ծախսի կամ Հանրապետության հրապարակը լուսավառ դարձնի, ազգաբնակչության հիմնական մասի մոտ տոնական տրամադրություն չի լինելու, քանի որ երկրի ընդհանուր վիճակը տոնական տրամադրության տեղ չի թողնում. Հայաստանը ներսից ու դրսից աղետի մեջ է, ի՞նչ տոնական տրամադրության մասին կարող է խոսք լինել:

Հաասարակական միակ սեգմենտը, որի համար իսկապես ամեն օրն էլ տոնական է, ՔՊ-ականներն են ու նրանց հարող շերտը: Ա՛յ սրանց համար ամեն օրն էլ Նոր տարի է, ամեն օր՝ ուրախություն ու խինդ: Իսկ ինչո՞ւ չուրախանան, եթե դեռ մինչև երեկ սիգարետի փող անգամ չունեին, իսկ ահա այսօր դարձել են նորաթուխ միլիոնատերեր: