Ուկրաինայում հարվածները Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչության պատասխանն են. Պուտին


19:01 , 2 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում թիրախներին հարվածները հարկադիր պատասխան են Կիևի սադրանքներին, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությանը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Ըստ Կրեմլի՝ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել արևմտյան երկրների, այդ թվում՝ Գերմանիայի կործանարար գծի վրա, որոնք, ինչպես նշում է Կրեմլը, զենքով «ամրացնում» են Ուկրաինային և մարզում են նրա զինվորականներին։

«Նշվեց, որ Ռուսաստանի զինված ուժերը երկար ժամանակ ձեռնպահ էին մնում Ուկրաինայի տարածքում որոշակի թիրախների ուղղությամբ թիրախային հրթիռային հարվածներից, սակայն այժմ նման միջոցները դարձել են հարկադիր և անխուսափելի պատասխան Կիևի սադրիչ հարձակումներին ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ղրիմի կամրջի և էներգետիկ օբյեկտների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ղեկավարը Գերմանիային կոչ է արել վերանայել իր մոտեցումները ուկրաինական իրադարձությունների համատեքստում։