Հայ-ադրբեջանական կարգավորմամբ զբաղվելը պետք է պարտավորություն դառնա ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար. հակառակ դեպքում կվերադառնանք ռազմական հակամարտությանը. Ջեյմս Ուորլիք


11:56 , 30 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և այդ ֆոնին Ադրբեջանի կողմից հռետորաբանության կոշտացմանը, ինչպես նաև գնահատելով առկա ռիսկերը, ասել է, որ իրականում իրեն լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Նա այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված ծավալուն հարցազրույցում:

«Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց»,- ասել է Ուորլիքը:

Խոսելով դեկտեմբերի յոթին Բրյուսելում նախատեսված հանդիպման հավանականությանը՝ դիվանագետը նշել է, որ առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իր ընկալմամբ, վերաբերում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությանը բանակցություններին:

Ըստ Ուորլիքի՝ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Անդրադառնալով կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտին՝ Ուորլիքն ասել է.«Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ»:

Անդրադառնալով օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի՝ Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ հանդիպմանը և, ատհասարակ, ԱՄՆ-ի ակտիվությանը և դերին այս գործընթացում՝ Ուորլիքն ընդգծել է, որ դեսպան Ռիկերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: