Թուրքիայի կողմից ցեղասպանության փորձ՝ քուրդ ժողովրդի նկատմամբ. քրդերը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրին


16:29 , 28 նոյեմբեր, 2022

Հայաստանի քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ ընդդեմ Թուրքիայի վարած քաղաքականության, Սիրիայում քրդերի դեմ ռմբակոծության՝ այսպիսով հրավիրելով ՄԱԿ-ի, գերտերությունների ուշադրությունը:

ՀՀ ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց. «Մեր ձայնն ենք բարձրացնում թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների, հանցագործությունների դեմ՝ Սիրիայի, Իրաքի քրդերի և ընդհանրապես ողջ քուրդ ժողովրդի նկատմամբ: Թուրքիան այս տարիների ընթացքում ցեղասպանություն է իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ: Եթե հարձակվում է Սիրիայի վրա, թիրախավորում քրդական բնակավայրերը և ցանկանում է ոչնչացնել ողջ քրդերին, դա, իհարկե, ցեղասպանություն է»,-ասաց Հասանովը:

Ըստ նրա՝ 4-5 հոգու զոհվելու պատճառ դարձած պայթյունը Ստամբուլում կազմակերպել են հենց թուրքական իշխանությունները և հետո հայտարարել, թե իբր դա կազմակերպել են Քրդական բանվորական կուսակցությունը, Սիրիայի քրդերը: Թուրքիայի իշխանությունը հենց դրանով է հիմնավորել Սիրիայի քրդերի վրա հարձակվելը՝ պատճառաբանելով, թե իբր քրդերը ահաբեկիչներ են: «Սակայն աշխարհի ամենահզոր ահաբեկիչը թուրքական իշխանություններն են: Մենք կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակին և աշխարհի բոլոր առաջադեմ մարդկանց՝ ձեռք մեկնել և բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը, որը ոճրագործություններ է անում քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօր թուրքական իշխանությունները աշխարհի համար դարձել են չարիք»,- ասաց Հասանովը:

Նա ընդգծեց՝ այսօր պատերազմ է ընթանում թուրքական բանակի և Սիրիայի քրդերի միջև: Թուրքական ուժերը գրավել են Սիրիայի քրդերի՝ խոշոր 4-5 քաղաքներ, ցանկանում են գրավել Քոբանի քաղաքը: Մարդիկ մահանում են, իսկ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողությունները չի կանխում: Հասանովը զուգահեռներ տարավ հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություների հետ: «Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները և իր «ձեռքը բարձրացնի» թուրքական և ադրբեջանական ագրեսիայի դեմ: Սակայն մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար»,-նշեց Հասանովը:

«Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանն էլ հավելեց. «Թուրքիայի այսօրվա իշխանություններն այսօր ում հետ ինչ պայման էլ կապեն, դա կմնա թղթի վրա: Մինչև Թուրքիայի իշխանությունները չփոխվեն, մինչև Թուրքիայում ժողովրդավարություն չհաստատվի, ոչ մի հարևան, ոչ մի ազգ այդ տարածաշրջանում չի կարող հանգիստ ապրել»:

«Զագրոս» թերթի խմբագիր Լիանա Մհոյանն էլ ընթերցեց ուղերձը, որը պետք է հանձներ ՄԱԿ-ի գրասենյակին: «Այսօր ևս մեկ անգամ քուրդ ժողովուրդը ՄԱԿ մարդասիրական կազմակերպության միջոցով ցանկանում է ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ «պայքար ահաբեկչության դեմ» քողի ներքո Թուրքիային զինելու և քուրդ ժողովրդին ու ազատամարտիկներին վերացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն դարձան: Տարիներ շարունակ քուրդ ազատամարտիկներն ապացուցել են, որ իրենց պայքարն արդար է և համայն մարդկության համար է»,-ասաց նա՝ հավելելով, որ թուրքական կողմը պայքարում է ամենաստոր միջոցներով, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառությամբ:

Ուղերձում հարց էր առաջ քաշվում՝ դեռ որքա՞ն ապացույցներ են հարկավոր, որ ոճրագործ Թուրքիայի «ձեռքը կտրվի» և վերջ տրվի Մերձավոր Արևելքում տիրող քաոսին. այդ ամենը և Թուրքիայի շարունակական ճնշումները դուրս են մնում գերտերությունների օրակարգից:

Մհոյանն ուղերձը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Թուրքիա՝ տեռորիստ», ծածանում դրոշներ: Քրդերը սպասելու են իրենց ուղերձի պատասխանին, մարդասիրական քայլերի:

Նոյեմբերի 20-ին Թուրքիան ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Սիրիայի քրդական կազմակերպությունները հաղորդել էին, որ թուրքական ավիահարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ռազմական գործողությունն իրականացվում է՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս նշել էր, որ շուտով Անկարան, հնարավոր է, նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում: