Տեղեկատվական բախում Բաքվի ու ռուս խաղաղապահների միջև


14:20 , 28 նոյեմբեր, 2022
ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական ուժերն արձագանքել են Բաքվի հիստերիային՝ կապված ռուսների կողմից Մաղավուզ բնակավայրի անվանումն օգտագործելու հետ: Ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ Արցախի տեղանքներն անվանվում են իրենց տեղական անուններով՝ ռուսական զորախումբը իր տարակուսանքն է հայտնել ազերիների կողմից նման սուր արձագանքի առթիվ ու, ըստ էության, խորհուրդ տվել ոչ միայն համակեպվել Արցախում ռուսական ուժերի գոյության փաստի հետ, այլև համագործակցել՝ կանխելու անցանկալի միջադեպերը:

Բաքվին ակնհայտորեն զայրացնում է այն, որ հատկապես վերջին շրջանում ռուս խաղաղապահները, դրսևորելով օբյեկտիվություն, արձանագրում են ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքներն ու կրակոցները՝ խաղաղ բնակչութան դեմ՝ խուսափելով ծածկադմփոցից ու այդպիսով փակելով Ադրբեջանի ախորժակն ու հասկացնլով, որ երկրորդ Փառուխ այլևս չի լինելու: Այդ հանգամանքն է, որ ազերիներին գրգռում է և ստիպում հիմքեր որոնել՝ խաղաղապահ առաքելությանը իբր ոչ օբյեկտիվ կեցվածք դրսևորելու համար մեղադրելու. խաղաղապահները չեն կարող բռնել հակամարտող կողմերից ո՛չ մեկի, ո՛չ մյուսի կողմը, քանի որ հակառակ պարագայում կդադարեն դիտարկվել՝ չեզոք կողմ: Բաքուն հենց դրան է փորձում հասնել, որ խաթարվի ռուս խաղաղապահների իմիջն ու հիմք տա Բաքվին՝ ձերբազատվելու ռուսական մտրակից: Կարճ ասած՝ խաղաղապահներից ուզում են սարքել Մակրոն:

Ալիևը, փորձելով Պուտինի աչքին երևալ որպես դաշնակից, իր «բարեկամության» գինն է պահանջում Մոսկվայից՝ Արցախի մնացյալ հատվածի հանձնում կամ գոնե Սյունիքով արտատարածքային միջանցք, ինչին Մոկսվան չի կարող գնալ, քանի որ այդ դեպքում նախ՝ կկորցնի Հայաստանը վերջնականապես, ապա՝ կվտանգի սեփական անվտանգությունը՝ ստիպված լինելով դուրս գալ տարածաշրջանից ու հանձնվել Իլհամ-Էրդողան հանցագործ զույգի բարի կամքին: Արցախը ռուսական շահերի տեսանկյունից կենսական տարածք է, որը Մոսկվան մինչև վերջ աշխատելու է ատամներով պահել: