15:59 , 25 նոյեմբեր, 2022ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումներից առաջ տվել է մամուլի ասուլիս՝ անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին:
«Նախագահ Պուտինը ձախողում է Ուկրաինայում, ուստի նա ավելի դաժանությամբ է պատասխանում։ Քաղաքների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա միտումնավոր հրթիռային հարձակումների ալիքներ. ուկրաինացիները զրկվում են ջեռուցումից, լույսից և սննդից: Սա սարսափելի ձմռան սկիզբ է Ուկրաինայի համար: Սրանք նաև ծանր ժամանակներ են Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար», - ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ եթե իրենք թույլ տանք, որ Պուտինը հաղթի, ապա բոլորով շատ ավելի թանկ գին կվճարեն երկար տարիներ:
«Եթե Պուտինը և մյուս ավտորիտար առաջնորդները տեսնեն, որ ուժն արդարացվում է, նրանք նորից ուժ կկիրառեն իրենց նպատակներին հասնելու համար:
Դա մեր աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի, իսկ մեզ բոլորիս՝ ավելի խոցելի։ Այսպիսով, մեր անվտանգության շահերից է բխում Ուկրաինային աջակցելը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում, տևական խաղաղություն չի լինի:
«Պատերազմների մեծ մասն ավարտվում է բանակցություններով։ Բայց այն, ինչ տեղի կունենա բանակցությունների սեղանի շուրջ, կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում մարտի դաշտում: Ուստի խաղաղ լուծման շանսերը մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
Մենք չենք նահանջելու»,- եզրափակել է Ստոլտենբերգը: