Ռուբեն Վարդանյանը նոր պատերա՞զմ է գուժում


19:44 , 23 նոյեմբեր, 2022
Այսօր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ունեցած իր ելույթում Ռուբեն Վարդանյանն արձանագրել է, որ իրավիճակը բավական օրհասական է՝ կոնկրետացնելով.«Մենք ունենք հայրենական պատերազմի իրավիճակ, և դա պահանջում է ողջ ժողովրդի մասնակցությունը երկրի պաշտպանությանը»:

Ինչպես հայնի է, այս օրերին Բաքուն շարունակում է ապատեղեկատվության տարածմանը զուգահեռ կրակել սահմանին, իսկ Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու մտայնության մասին։ Մասնավորապես՝ «Haqqin.az»-ում «Ո՞վ, Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը կզինաթափի անօրինական զինված կազմավորումները Ղարաբաղում» վերտառությամբ հակահայկական ու հակառուսական սուր շեշտադրումներով հոդված է հրապարակվել, որտեղ խոսվում է «հատուկ գործողության» միջոցով Արցախի մնացյալ հատվածի հարցերն արագորեն լուծելու պլանների մասին:

Սրան զուգահեռ հավաստի տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել Կուտականի նոր զբաղեցրած դիրքերում, իսկ Կութ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել են գնդակոծության ինտենսիվությունը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Էրդողանն է հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային հարվածները ընդամենը սկիզբն են. Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի դեմ նաև ցամաքային գործողություն իրականացնել:

Հայաստանն ու Արցախը փաստացի նստած են «վառոդի տակառի» վրա, ու չկա ոչ մի հիմք՝ պնդելու,որ այդ վառոդի տակառը չի պայթի՝ հատկապես նկատի ունենալով թե՛ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, թե՛ նաև ուկրաինական ռազմաճակատում տիրող կացությունը՝ գործոններ, որոնք առաջնային թիրախ են դարձնում Կովկասն այն ուժերի համար,ո րոնք փորձում են գալիք աշխարհակարգում չկորցնել ներկայումս ունեցած հեգեմոն դիրքերը:

Փաստն այն է, որ Մոսկվայի ձայնը Բաքվում հետզհետե ոչ ազդեցիկ է դառնում, ինչի մասին փաստեց թերևս Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, երբ Պուտինին չհաջողվեց կոտրել Իլհամի կողը՝ աներեր դարձենլու Ռուսաստանի ներկայությունն Արցախում:

Արդյոք Մոսկվան հետևություներ արե՞լ է կատարվածից կամ արդյոք հաշվարկե՞լ է այն ռիսկերը, որոնք խմորվում են բոլորիս աչքի առաջ Կովկասում,որ Էրդողանի թեթև ձեռամբ դարձել է Մերձավոր Արևելքի անբաժան մասը: Ցանկություն կա հավատալու, որ հետևություններ, այնուամենայնիվ, արվել են, իսկ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովը կհանդիսանա արված հետևությունների կարևոր արտահայտչամիջոցը: