Արցախում խստացվում են «պետական դավաճանության» և «լրտեսության» համար պատժաչափերը, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում


19:24 , 22 նոյեմբեր, 2022

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Ըստ հիմնական զեկուցող ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի՝ պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար, մասնավորապես՝  ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է առաջացրել  վերանայել ներկայիս կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը»  և «Լրտեսությունը»  հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել:  Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

Նախագծի վերաբերյալ  ԱՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական ծառայության կողմից  առաջարկություններ չեն եղել:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

«Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը:

Ծառայության պետի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության լիազորությունները, գործառույթները, կարգավորել Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կապահովվի նաև Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բնականոն, արդյունավետ գործունեությունը,կերաշխավորվի հանրային իշխանությունների թափանցիկ գործունեությունը, մասնավորապես՝ ֆինանսական թափանցիկ գործունեությունը:

ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությամբ՝  նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտություն չկա:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում: