Հայաստանը նոյեմբերի 9-ի կամ որևէ այլ հայտարարությամբ նոր ճանապարհների կառուցման պարտավորություն չունի․ Նիկոլ Փաշինյան


12:29 , 10 նոյեմբեր, 2022

2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանիւն ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 « 9-րդ  կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության  միջև, ընդ որում նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել  և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել  և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստան- Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այդ որոշումը չի ընդունվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է։ Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, ուրեմն եկեք բացենք հսկիչ-անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Երբ Ադրբեջանը համոզվի մեր մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Նիկոլ Փաշինյանը ասաց․

«ՀՀ-ն նման պարտավորություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Համաձայնություն չի կայանում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն»։