Նիկոլի շպիոնները շեֆին զեկուցել են, որ կարող է ԱԺ շենքի գրավման փորձեր էլ լինեն, ուստի որոշել է հենց այսօրվանից պատշաճորեն «զինել» սեփական թիմակիցներին


15:44 , 9 նոյեմբեր, 2022

Նիկոլը սարսափած է

Արաբատ Միրզոևի (ծածկանունը՝ «Օմեգա») մամուլի քարտուղարը, մեկնաբանելով իշխանությունների՝ ԱԺ դարպասները նորից զոդելուն և պարիսպների երկայնքով փշալար անցկացնելուն ուղղված գործողությունները (ըստ լրատվամիջոցների՝ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում, և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին), ասել է, որ աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին՝ միաժամանակ հերքելով տեղեկությունները, ըստ որոնց՝ կարող է հոսանք միացվել փշալարերին:

Փաստորեն՝ Միրզոյան Արարատի աշխատողը փաստացի խոստովանել է, որ ԱԺ շենքը փշալարակալվում է՝վերածվելով յուրատեսակ Բաստիլի:

Այս խոստովանությունն ուշագրավ է մի քանի պատճառներով. նախ՝ ԱԺ շենքն անառիկ ամրոցի է վերածում մի ուժ, որը, ինչպես հայտնի է, իր իշխանության առաջին շրջանում ԱԺ այգին դարձրել էր սովորական մի զբոսավայր՝ բացելով ոչ միայն ԱԺ-ի, այլև Բաղրամյան 26-ի դռները՝ դրանով ցանկանալով իբր շահեկանորեն տարբերվել նախկին իշխանություններից, ընդգծել սեփական դեմոկրատ էությունը՝ հակառակ «բռնակալ» նախկինների:

Երկրորդ՝ իշխանությունների այսօրինակ բարբարոսությունը ակնհայտորեն վկայում է Նիկոլի սարսափի մասին, ինչն անմիջապես հարց է առաջ բերում, թե ո՞րն է ժողվարչապետի վախի իրական պատճառը, եթե նա սեփական ժողովրդի հետ իր հարաբերությունները կառուցում է շիտակության սկզբունքով, ինչի մասին, ի դեպ, անընդհատ հայտարարություններ է հնչեցնում ԱԺ բարձր ամբիոնից ու հավաստիացնում, որ դավեր չի նյութում ժողովրդի հետևում:

Երրորդ՝ գուցե վախենում է ոչ միայն իր, այլև սեփական թիմակիցների՞ համար, որոնց մասին նա սովոաբար հոգ է տանում՝ օրինականության շղարշ հաղորդելու սեփական ապօրինություններին ու բռնապետությանը:

Հարցերի պատասխանը կարող է թաքնված լինել ապագայի հնարավոր զարգացումներում, որոնց մասին Նիկոլը տեղյակ է վաղօրոք. բացառված չէ, որ տխրահռչակ խաղաղության պայմանագրի կնքմանն է նման կերպ պատրաստվում՝շատ լավ իմանալով լայն զանգվածների անխուսափելի բողոքի մասին: Երևի Նիկոլի շպիոնները շեֆին զեկուցել են, որ կարող է ԱԺ շենքի գրավման փորձեր էլ լինեն, ուստի որոշել է հենց այսօրվանից պատշաճորեն «զինել» սեփական թիմակիցներին:

Ի գիտություն զինվողների՝ նրանց ոչինչ ու ոչ ոք չի փրկելու այն պահին, երբ ստիպված լինեն բախվել ժողովրդի ցասմանն ու վրեժին: