Արցախցին ընտրել է իր ճանապարհը և վերջ


15:00 , 2 սեպտեմբեր, 2013

Սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է Արցախի Անկախության 22-ամյակը, Անկախություն, որը ձեռք բերվեց մեծ թվով հայորդիների արյան գնով: Միաժամանակ կա այն գիտակցումը, որը այդ թափված արյունն է, որ սրբացնում է հայրենի հողն ու ստեղծում պետականություն: Առանց Արցախ անհնար է պատկերացնել Հայաստանն ու հայ ժողովրդի շարունակականությունը:

Այս 22 տարիների ընթացքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել Արցախի տնտեսությունն ու ենթակառուցվածքները, այլև ստեղծել այնպիսի ամուր պետականություն, որը զգում ու խոստովանում է Արցախ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի: Անշուշտ, Արցախի ամենակայացած կառույցներից մեկը պաշտպանության բանակն է, որը ոչ միայն ապահովում է ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, այլև իր մարտունակությամբ խաղաղություն սփռում ողջ տարածաշրջանում:
Արցախում, ինչպես եվրոպական ժողովրդավարական երկրներում, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, ինչպես նաև` Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Վերջին անգամ ընտրություններ տեղի է ունեցել 2012 թվականին (նախագահական), որոնց ընթացքը նույնիսկ «Freedom House» միջազգային կազմակերպությանը «ստիպեց» վերանայել իր գնահատականները Արցախի մասով՝ ԼՂՀ-ն «ոչ ազատ» երկրների ցանկից տեղափոխելով «կիսաազատ» երկրների շարք:
Իհարկե, միջազգային կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները կարևոր են, սակայն ամենակարևորն այն է, որ այսօր արցախցին գիտե, թե ինչ է ցանկանում և ամեն ինչ անում է իր այդ նպատակին հասնելու համար:

Մեկ բան է հաղթանակ տանելն ու Անկախություն հռչակելը, մեկ այլ բան՝ այն պահելն ու սերնդեսերունդ փոխանցելը: Այսօր, առավել քան երբևէ, մեր սերնդի սրբազան պարտքն է ոչ միայն պահել ու պահպանել դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները, այլև ամրապնդել ու ճիշտ ժամանակին փոխանցել հետագա սերունդներին: