Մարդու իրավունքների կրթություն հանրակրթական հաստատություններում


17:56 , 7 նոյեմբեր, 2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, կարևորելով մարդու իրավունքների, մասնավորապես` երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ կրթությունը, 8-րդ և բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված իրազեկման ծրագիր է իրականացնում Արցախի հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Մարդու իրավունքների վերաբերյալ կրթության անհրաժեշտությունն ամրագրված է ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների կրթության և ուսուցման մասին հռչակագրում», որով սահմանվում է, որ մարդու իրավունքների կրթությունը և ուսուցումը վերաբերում են հասարակության բոլոր շերտերին, այդ թվում նախադպրոցական և դպրոցական տարիքի անձանց։
Ծրագրի շրջանակներում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններն ու լիազորությունները։ Երեխաների մասնակցությամբ անցկացվող դերախաղերի միջոցով անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների դեպքերին ու դրանց վերականգնման հնարավոր ձևերին:
Ծրագրի իրականացման նպատակն է դպրոցականների շրջանում ապահովել մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունն ու բարձրացնել իրազեկվածության մակարդակը: